ՀՀ Կառավարությունում տեղի է ունեցել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ»-ին նվիրված փոստային բացիկի մարման արարողությանը:

Viva-ն մրցանակի գլխավոր գործընկերն է 15 տարի անընդմեջ:

Նամականիշը եւ հատուկ ծրարը մարել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն ու Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Ես վստահ եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այս մրցանակն ստացել է այս ոլորտի օսկարի անվանում: Եվ մենք վստահ ենք, որ այն մարդիկ, ովքեր ստանում են այս մրցանակը, նախ Հայաստանի Հանրապետության կողմից գնահատվում է նրանց ներդրումը, բացի այդ, այդ մարդիկ կապվում են Հայաստանի հետ: Եվ շատ մեծ հույս ունենք, որ դրանով նաեւ իրենց ավանդն են բերում այս ոլորտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Հագիվարային այս պատվի համար՝ Հայաստանի Հանրապետություն այցելելու եւ մրցանակն ընդունելու»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

400 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մրցանակակրին տրվող ոսկե մեդալը, իսկ փոստային բացիկի վրա պատկերված է 2022 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակին արժանացած Adobe ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, 2023 թվականի մրցանակակիր՝ «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին եւ 2024 թվականի մրցանակակիր՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան:

photo © ՀՀ Կառավարություն


Հատուկ ծրարի վրա պատկերված է 2024 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան եւ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը:

«15 տարի շարունակ Viva-ն աջակցել է այս նախաձեռնությանը, քանի որ հավատում է, որ տեխնոլոգիաները բարելավում են կյանքը։ Մենք ջերմորեն ողջունում ենք պարոն Հագիվարային Հայաստանում եւ վստահ ենք, որ նրա պատմությունը կոգեշնչի մեր երիտասարդներին։ Երիտասարդ սերունդն ունի հսկայական ներուժ, նորարար է, էներգիայով լի եւ պատրաստ մարտահրավերների։ Տեխնոլոգիան ոչ միայն գործիք է, այլեւ հնարավորություն՝ ստեղծելու, կապվելու եւ ավելի լավ ապագա կառուցելու։ Թող այս նամականիշը լինի առաջընթացի, համագործակցության եւ կայուն աճի խորհրդանիշ։ Միասին մենք կձեւավորենք տեխնոլոգիական ապագա, որտեղ Հայաստանը կլինի համաշխարհային նորարարական տնտեսության աճի շարժիչներից մեկը», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Որպես Global High-Tech մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր՝ Viva-ն 15 տարվա ընթացքում հատկացրել է ավելի քան 297 մլն դրամ: Հիմքում համոզմունքն է, որ երկրի զարգացման համար կարեւոր է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, հատկապես՝ երկրի մրցակցային առավելությունը հանդիսացող ոլորտների զարգացման առումով: