ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական, «LOCOMTEC AIPS» լաբորատորիայի նախագահ, դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարային:

Նախարար Հայրապետյանը նշել է՝ մեծ պատիվ է ընդունել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում անգնահատելի ավանդ եւ ազդեցություն ունեցած մարդկանց, եւ, որ ՀՀ պետական մրցանակին արժանանալը ոչ միայն ՀՀ կառավարության, այլ նաեւ ամբողջ հայկական ինժեներական համայնքի գնահատանքի ու հարգանքի արտացոլումն է:

Դոկտոր Հագիվարան, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ ՀՀ պետական բարձր մրցանակին արժանանալու համար, կիսվել է հաջողության հասնելու իր փորձով, գաղափարներով, պատրաստակամություն հայտնել իր ավանդն ունենալ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում:

Հանդիպումից հետո նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի եւ հատուկ ծրարի մարման արարողությանը:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Յոշիակի Հագիվարան իր մեծ ավանդն ունի սենսորների, թվային տեսախցիկի, «PS2» եւ «PS3 PlayStation» խաղային կոնսոլների չիպ-սեթերի մշակման աշխատանքներում:

Հագիվարան Ճապոնիայի «LOCOMTEC AIPS» լաբորատորիայի նախագահն է եւ զբաղվում է «SDGs» մաքուր էներգիայի եւ կայուն զարգացման նպատակներին ուղղված արհեստական բանականությամբ ռոբոտների (AI Robot Clean Energy) համակարգային լուծումների մշակմամբ։