Հայկական Dexatel ՏՏ ընկերությունը նշում է հիմնադրման 10-ամյակը՝ անցնելով տպավորիչ զարգացման ճանապարհ:
Dexatel-ը նշանավորել է 10-ամյա գործունեությունը՝ կազմակերպելով տոնական միջոցառում, որին մասնակցում էին թիմի ներկայիս ու նախկին աշխատակիցները, գործընկերները, ինչպես նաեւ տեղական տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառման հատուկ հատվածում առանձնացված էր «Dexatel-ի ճանապարհը» խորագիրը կրող վիզուալ պատ՝ ընկերության անցած ուղին արտացոլող լուսանկարներով ու պատմություններով։ Առանձին զոնայում նաեւ վերստեղծվել էր ընկերության առաջին գրասենյակը։
Ընկերության վերստեղծած առաջին գրասենյակը
photo © Մեդիամաքս
Ընկերությունը, որը ստեղծվել ու զարգացել է առանց արտաքին ներդրումների, այսօր սպասարկում է ավելի քան 1200-ից հաճախորդի, որոնց թվում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Alibaba-ն, TikTok-ը, Glovo-ն եւ այլն։
Dexatel-ի հիմնադիր Գեղամ Ազատյանն ասում է, որ ձգտում են դառնալ Հայաստանի առաջին ինքնաֆինանսավորվող Unicorn ընկերությունը:
Itel.am-ի հետ զրույցում նա պատմել է այս տասը տարվա ընթացքում ընկերության հաղթահարած մարտահրավերների, տպավորիչ ուղու ու ձեռքբերումների մասին:
«Ամենամեծ մարտահրավերը եղել է հենց սկսելը»Տասը տարի առաջ ընկերությունը հիմնել եմ լրիվ միայնակ։ Այդ ժամանակ շուկայում արդեն կային բավական հաստատված ընկերություններ։ Հիշում եմ, որ բիզնեսը սկսելուց առաջ խոսել, խորհրդակցել եմ ոլորտի մասնագետների հետ: Գրեթե բոլորն ասում էին, որ անիմաստ է ձեռնարկել, քանի որ շատ մրցունակ ու հագեցած ոլորտ է։ Չեղավ մեկն այդ ժամանակ, որ ինձ աջակցեր:
Գեղամ Ազատյանը
photo © Մեդիամաքս
Ամենածանրն առաջին երկու տարին էր, որովհետեւ հաճախորդներին դժվար է վստահել մի ընկերության, որտեղ ընդամենը մեկ հոգի է աշխատում։ Ես նույնիսկ ստիպված էի տարբեր մարդկանց անուններով էլեկտրոնային հասցեներ եւ Skype հաշիվներ ստեղծել՝ ավելի մեծ ընկերության տպավորություն ստեղծելու եւ վստահության արժանանալու համար:
«Dexatel-ը գնաց հակառակ ճանապարհով՝ սկսելով վաճառքներից»Ի տարբերություն շատ տեխնոլոգիական ընկերությունների, որոնք սկսում են պրոդուկտի մշակմամբ, Dexatel-ը գնաց հակառակ ճանապարհով՝ սկսելով վաճառքներից: Քանի որ ինքս տեխնիկական կրթություն չունեի, ես չէի կարող պրոդուկտը մշակելուց սկսել, բայց կարող էի այն վաճառել։ Դրա համար էլ վերցնում էի երրորդ կողմի պրոդուկտ ու վաճառում։ Այնուհետեւ մեր ռեսուրսներով մշակեցինք սեփական պրոդուկտները։ Առաջինը թողարկեցինք բիզնեսը հիմնելուց չորս տարի անց՝ 2020 թվականին:
«Այժմ ունենք բազմաթիվ ճյուղավորված պրոդուկտներ»Վերջին շրջանում մի շարք պրոդուկտներ եւ լուծումներ ենք թարմացրել, որոնք ընդգծում են ընկերության շարունակական նվիրվածությունը նորարարությանը եւ հաճախորդակենտրոն զարգացմանը:
photo © Մեդիամաքս
Dexatel Verify․ այն ապահովում է հաճախորդի անվտանգ վերիֆիկացիա, որը օգնում է կազմակերպություններին պաշտպանել իրենց օգտատերերի հաշիվները եւ կանխել խարդախությունները։ Այն թույլ է տալիս հաստատել օգտատերերի ինքնությունը՝ ուղարկելով միանգամյա կոդ (OTP) տարբեր հաղորդակցման ալիքներով՝ SMS, ձայնային զանգ, WhatsApp, RCS, Viber եւ Telegram։ Լուծումը ապահովում է անվտանգ մուտք եւ նվազեցնում է կեղծ գրանցումները:
Dexatel Engage․ համապարփակ լուծում է բիզնեսների համար, որը միավորում է բոլոր հիմնական հաղորդակցման գործիքները մեկ հարթակում՝ ապահովելով արագ, արդյունավետ եւ նպատակային շփում հաճախորդների հետ։
• Notifications․ հաղորդագրությունների արագ եւ հուսալի ուղարկում՝ տեղեկացնելու հաճախորդներին կարեւոր իրադարձությունների, ծանուցումների կամ փոփոխությունների մասին։
• Campaigns․ մարքեթինգային արշավների իրականացում՝ ուղղված ներգրավվածության բարձրացմանը, հատուկ առաջարկների տարածմանը եւ վաճառքի խթանմանը։
• Conversations․ երկկողմանի շփում հաճախորդների հետ՝ WhatsApp, Telegram, Viber, RCS եւ SMS ալիքներով, հեշտացնելով հաճախորդների աջակցությունը եւ վաճառքի գործընթացը։
Dexatel Link․ մեծածախ SMS եւ ձայնային հաղորդակցությունների ծառայություն է, որը նախատեսված է զանգվածային հաղորդակցման մեծ ծավալներ ունեցող գործընկերների համար՝ տրամադրելով արդյունավետ, վստահելի եւ մրցունակ կապի հնարավորություններ ամբողջ աշխարհում։
«Մեր պատմության ամենամեծ աճը գրանցել ենք 2024-ին» Ներկայում Dexatel-ն ունի 1200-ից ավելի հաճախորդ, որոնց թվում են Alibaba, TikTok, Glovo եւ այլ խոշոր ընկերություններ։ Ամենամեծ աճը 2024-ին է եղել․ ընդ որում, այդ տարին վատ էր սկսվել ու ընդհանրապես հույս չունեի, որ աճ կգրանցենք, բայց այն դարձավ մեր ամենահաջող տարիներից մեկը։
photo © Մեդիամաքս
Ունենք գրասենյակներ Երեւանում, Տալլինում (Էստոնիա), Դուբայում (ԱՄԷ) եւ Բելգրադում (Սերբիա):
«Հնարավոր է հաջողակ տեխնոլոգիական բիզնես կառուցել՝ առանց արտաքին ներդրումների եւ տեխնիկական կրթության»Հայաստանում շատերը կարծում են, որ տեխնոլոգիական ոլորտում բիզնես սկսելու համար պարտադիր է ունենալ տեխնիկական կրթություն, բայց իրականում այդպես չէ։ Պետք է նվազագույն գիտելիք ու պատկերացում ունենալ այդ ոլորտի մասին, հետո կգան շատ լավ մասնագետներ, փորձագետներ ու կապահովեն ընկերության հետագա ընդլայնումը։
«Տարիների ընթացքում Dexatel-ի հիմնական արժեքները մնացել են անփոփոխ»Հաճախորդները մեզ ընտրում են ոչ թե նրա համար, որ շուկայում ամենամեծն ենք, այլ՝ ազնիվ ենք ու մեր գործը բարեխղճորեն ենք կատարում։ Դա մեր ընկերության հիմքում է դրված: Միշտ մնում ենք ճկուն, արդյունավետ եւ վստահելի։ Այս երեք հիմնասյուներն են, որին մենք հավատարիմ ենք եղել մինչ օրս եւ ապագայում էլ կշարունակենք հավատարիմ մնալ:
photo © Մեդիամաքս
Ընկերությունն այժմ մեծ նպատակ է դրել իր առջեւ՝ դառնալ Հայաստանի առաջին ինքնաֆինանսավորվող Unicorn ընկերությունը: Սա շատ ամբիցիոզ նպատակ է, բայց նաեւ՝ իրատեսական։ Դժվար է ասել, թե որքան ժամանակ կպահանջվի, բայց պետք է նշաձողը բարձր դնել ու փորձել ամեն գնով հասնել դրան։ Հուսով եմ, որ մոտակա հինգ տարվա ընթացքում կկարողանանք դա անել:
Նունե ԳրիգորյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի