Հունիսի 14-15-ը Երեւանում կկայանա BSides Yerevan 2025 կիբեռանվտանգությանը նվիրված ոչ ֆորմալ համաժողովը։ 

BSides-ը համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որն անցկացվում է ավելի քան 220 քաղաքում՝ 60 երկրում։ Այն միավորում է կիբեռանվտանգության ոլորտի մասնագետներին, ուսանողներին եւ տեխնոլոգիաներով հետաքրքրված երիտասարդներին՝ փորձի փոխանակման, բաց քննարկումների եւ նոր համագործակցությունների համար։ 

Համաժողովի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը ոլորտի նկատմամբ եւ նպաստել մասնագիտական համայնքի ընդլայնմանը։ Հայաստանում այս տարի համաժողովն անցկացվելու է երրորդ անգամ։

Օրակարգում ընդգրկված են խորը տեխնիկական պրեզենտացիաներ ոլորտի մասնագետների համար, ինչպես նաեւ հանրամատչելի քննարկումներ՝ կիբեռանվտանգության հիմնարար հասկացությունների, թվային սպառնալիքների եւ դրանցից պաշտպանվելու արդյունավետ միջոցների մասին։ Այս տարվա առանցքային թեմաներից մեկը լինելու է կիբեռանվտանգությունն արհեստական բանականության դարաշրջանում։

Համաժողովն իրականացվում է հունիսի 14-ից 22-ը Հայաստանում անցկացվող «Կիբեռանվտանգության շաբաթ 2025»-ի շրջանակում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) եւ CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, ՀՀ կենտրոնական բանկի եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցությամբ։