Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը վերջին շրջանում իրականացնում է աշխատակազմի ակտիվ համալրում ՝ փորձելով լրացնել Meta-ի նոր սուպերխելացի թիմը մրցակից լաբորատորիաներից առաջատար AI հետազոտողներով։ 

Թիմը ղեկավարում է Scale AI-ի նախկին գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վանգը։ Meta-ն առաջարկել է OpenAI-ի եւ Google DeepMind-ի աշխատակիցներին փոխհատուցման փաթեթներ, որոնք կարող են գերազանցել 100 միլիոն դոլարը։

OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանն իր եղբոր՝ Ջեք Ալթմանի հետ անցկացրած փոդքասթում հաստատել է այդ տեղեկությունները։ Նա նշել է, որ Ցուկերբերգի հավաքագրման ջանքերը հիմնականում արդյունք չեն տվել՝ միաժամանակ եւս մի քանի քննադատություն հնչեցնելով Meta-ի հասցեին։


«[Meta-ն] սկսել է ահռելի առաջարկներ անել մեր թիմի շատ անդամների։ Օրինակ՝ 100 միլիոն դոլար բոնուս, տարեկան դրանից էլ բարձր փոխհատուցում։ Ես շատ ուրախ եմ, որ առնվազն այս պահի դրությամբ մեր լավագույն աշխատակիցներից ոչ մեկ չի ընդունել այդ առաջարկը»,- ասել է Ալթմանը։

OpenAI-ի ղեկավարը նշել է, որ իր թիմակիցները, ըստ ամենայնի, գնահատել են, որ OpenAI-ն ավելի մեծ հնարավորություն ունի հասնելու AGI-ին (արհեստական ընդհանուր բանականություն) եւ մի օր կարող է դառնալ ավելի արժեքավոր ընկերություն։

Սեմ Ալթմանի խոսքով՝ OpenAI-ի նորարարական մշակույթը եղել է ընկերության հաջողության առանցքային տարրերից մեկը, մինչդեռ Meta-ի «AI ոլորտի ներկայիս ջանքերը այնքան արդյունավետ չեն, որքան սպասվում էր»։ Նա հավելել է, որ հարգում է Meta-ի որոշ ուղղություններ, սակայն չի կարծում, որ վերջինս «նորարարության մեջ ուժեղ ընկերություն է»։

OpenAI-ի ղեկավարի մեկնաբանությունները ընդգծում են այն դժվարությունները, որոնք պետք է հաղթահարի Meta-ն՝ հաջող սուպերխելացի AI լաբորատորիա կառուցելու համար։ Բացի Վանգին հրավիրելուց, Meta-ն անցած շաբաթ հայտարարել էր, որ զգալի ներդրում է արել Վանգի նախկին ընկերությունում՝ Scale AI-ում։ Նշվում է նաեւ, որ ընկերությանը հաջողվել է ներգրավել մի քանի աստղային AI հետազոտող, այդ թվում՝ Google DeepMind-ի Ջեք Ռեյին եւ Sesame AI-ի Յոհան Շալքվիկին։  

Առաջիկա տարում Meta-ն ստիպված է համալրել իր նոր AI թիմը այն պայմաններում, երբ OpenAI-ը, Anthropic-ը եւ Google DeepMind-ը աշխատում են առավելագույն ռեժիմով։ Առաջիկա ամիսներին ակնկալվում է, որ OpenAI-ը կթողարկի բաց AI մոդել, որը կարող է հետ գցել Meta-ին AI մրցավազքում։

Փոդքասթի ընթացքում Սեմ Ալթմանը նշել է, որ հետաքրքրված է AI-ով աշխատող սոցիալական հարթակով՝ անհատականացված ալգորիթմով՝ ըստ օգտատիրոջ նախասիրությունների։

Հաղորդվում է, որ OpenAI-ը մշակում է սեփական սոցիալական ցանցի հավելվածը։ Այդ ընթացքում Meta-ն նույնպես փորձարկում է AI-ով աշխատող սոցիալական ցանց իր Meta AI հավելվածի միջոցով։ 

Արդյոք AI-ով աշխատող սոցիալական ցանցերը կդառնան մասսայական, դեռ ժամանակը ցույց կտա, մինչ այդ Ցուկերբերգն ու Սեմ Ալթմանը պատրաստվում են բախվել միմյանց AI տաղանդների մրցապայքարում։