11:08 | 01.07.25 | Նորություններ | 601
Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ մի օր Neuralink-ը թույլ կտա օգտատերերին հեռակա կերպով կառավարել Tesla Optimus մարդանման ռոբոտը իրենց մտքով։
«Դուք պետք է կարողանաք իրականում լիովին վերահսկել Optimus ռոբոտի մարմինը եւ սենսորները։ Դուք, ըստ էության, կկարողանաք կառավարել Optimus ռոբոտը ձեր մտքով։ Սա լինելու է տարօրինակ, բայց շատ հետաքրքիր ապագա», - ասել է միլիարդատերը։ Ըստ երեւույթին, մեզ սպասվում է Ավատարի նման ապագա, իսկ մինչ այդ ընթանում են փորձարկումներ, որոնց ընթացքում Neuralink իմպլանտներով մարդիկ արդեն սովորել են կառավարել ռոբոտի ձեռքը։
Նա հավելել է, որ Neuralink-ը կարող է ի վերջո օգտագործվել շարժունակությունը վերականգնելու կամ կորցրած վերջույթները փոխարինելու համար. «Մարդկանց համար, ովքեր, օրինակ, կորցրել են վերջույթ… մենք կարծում ենք, որ ապագայում կկարողանանք Optimus ձեռք կամ ոտքեր կցել»։
Իլոն Մասկը բացատրել է, որ հնարավոր է ուղեղից ազդանշաններ արդյունահանել եւ փոխանցել դրանք վնասված նեյրոններից այն կողմ, ինչը թույլ կտա մարդկանց վերականգնել մարմնի ամբողջական ֆունկցիոնալությունը եւ կրկին քայլել։ Նա վստահություն է հայտնել, որ ապագայում նույնիսկ կոտրված պարանոց ունեցողները կկարողանան վերականգնել իրենց բոլոր գործառույթները։
Իլոն Մասկի Neuralink-ը զգալի առաջընթաց է գրանցել ուղեղի իմպլանտների մշակման գործում: Մինչեւ 2025 թվականի հունիսը Neuralink-ի N1 չիպը տեղադրել էր յոթ հիվանդի ուղեղում որպես հետազոտության մաս: Փորձարկումները, որոնք FDA-ի կողմից հաստատվել են 2023 թվականին, թույլ են տալիս կաթվածահար մարդկանց իրենց մտքերով կառավարել այնպիսի սարքեր, ինչպիսիք են համակարգիչները կամ ռոբոտացված ձեռքերը: Առաջին հիվանդը՝ Նոլանդ Արբոն, 2024 թվականին ցուցադրել է կուրսորի եւ շախմատի կառավարում, իսկ վեցերորդ մասնակիցը վիրահատությունից մեկ շաբաթ անց խաղում էր տեսախաղեր առանց ձեռքերի:
2025 թվականին Neuralink-ը նախատեսում է սկսել Blindsight իմպլանտի փորձարկումները թույլ տեսողություն ունեցողների, կույրերի, նույնիսկ նրանց, ովքեր երբեք չեն տեսել, տեսողությունը վերականգնելու համար: Սարքավորումը, որը FDA-ի կողմից ստացել է «առաջխաղացման» կարգավիճակ, խթանում է ուղեղի տեսողական կեղեւը՝ ստեղծելով պատկերներ (սկզբում) ցածր լուծաչափով: Մասկն ակնկալում է, որ առաջին մարդկային վիրահատությունները կլինեն տարեվերջին։