11:11 | 01.07.25 | Նորություններ | 648
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզ․ առկա տվյալներ եւ հաջորդ քայլեր» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։
Միջոցառման նպատակն էր ներկայացնել եւ քննարկել երեխաների առցանց իրավունքների պաշտպանության ճանապարհային քարտեզի նախագիծը, ինչպես նաեւ համադրել մինչեւ այժմ իրականացված քայլերը եւ առաջիկա համագործակցության ուղղությունները։
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ երեխաների առցանց անվտանգությունը ՀՀ կառավարության կարեւորագույն հանձնառություններից է:
«Միջգերատեսչական ձեւաչափով ստեղծել ենք աշխատանքային խումբ, որն աշխատում է համապատասխան օրենսդրական հիմքի, կրթական ծրագրերի եւ ենթակառուցվածքային լուծումների մշակման ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աշխատել միասին, որպեսզի առցանց տիրույթն ավելի վստահելի եւ պաշտպանված տարածք դառնա մեր երեխաների համար»,- նշել է նախարարը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ոլորտում կատարված վերջին քայլերը, ընթացիկ քաղաքական նախաձեռնությունները եւ ճանապարհային քարտեզի հիմնական ուղղությունները։ Առանձնացված անդրադարձ է կատարվել աշխատանքային խմբի գործունեությանը, որը կազմավորվել էր ՀՀ ԲՏԱ նախարարի հրամանով՝ ուղղված գերատեսչական միջոցառումների համակարգմանն ու համադրմանը։