15:59 | 03.07.25 | Նորություններ | 1319

CyberNinja Camp-ից մինչեւ GGC: Youth Edition խաղային կոնֆերանս․ ՏՏ կրթության ազդեցությունը մարզերում

Հունիսի 25-ին եւ 27-ին Սյունիքի մարզում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) «Sisian Co-creation Lab»-ում եւ «Agarak Co-creation Lab»-ում, անցկացվել է մարզային այց՝ «CyberNinja Camp: Mission Syunik» խորագրի ներքո։ 

Այն իրականացվում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՁԻՀ-ի համագործակցությամբ իրականացված «CyberNinja Camp» կիբեռանվտանգության ուսուցման ծրագրի շրջանակում։

Այցի նպատակն էր ոչ միայն ամփոփել ծրագրի հիմնական փուլը, այլեւ ընդգծել դրա շարունակական ազդեցությունն ու կիրառելիությունը մարզային համայնքներում։ Մասնակիցները ներգրավվել են գործնական ուսուցման, թիմային խնդիրների լուծման, ինչպես նաեւ քննարկումների, որոնց ընթացքում ներկայացվել են համայնքներում ձեւավորված հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։

Մարզայցի շրջանակում Ագարակում՝ «CyberNinja Camp»-ի սյունեցի մասնակիցները, իսկ Սիսիանում՝ նաեւ ծրագրի լոռեցի մասնակիցները, անցկացրել են աշխատարաններ կիբեռանվտանգության թեմայով՝ ներկայացնելով թվային տիրույթում անձնական տվյալների պաշտպանության եւ սեփական անվտանգության ապահովման մեթոդները, պատմելով տարածված կիբեռհարձակումների եւ զեղծարարությունների մասին, սովորեցրին՝ ինչպես խուսափել դրանցից:

Այցի ընթացքում ՁԻՀ ԳՏԿ ներկայացուցիչները հանդիպել են նաեւ Սիսիանի համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի հետ՝ քննարկելով «Sisian Co-creation Lab»-ում իրականացվելիք առաջիկա ծրագրերը եւ համագործակցության հնարավորությունները։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՁԻՀ-ի համագործակցությամբ իրականացված «CyberNinja Camp» կիբեռանվտանգության ուսուցման ծրագիրը՝ «Gamechangers: Next Level» ծրագրի հետ միասին եզրափակվել են Գյումրիում՝ հունիսի 15-ին տեղի ունեցած «Gyumri Game Conference (GGC): 

«Ծրագրին մասնակցելն ինձ համար մեծ հնարավորություն էր։ Մենք ոչ միայն սովորեցինք խաղեր ստեղծելու հիմունքները, այլեւ աշխատեցինք թիմերով՝ գաղափարները վերածեցինք իրական նախագծերի։ Առցանց ձեւաչափը թույլ տվեց մասնակցել նույնիսկ մեր համայնքից։ Հիմա արդեն վստահ եմ, որ ուզում եմ իմ մասնագիտական ուղին կառուցել տեխնոլոգիական ոլորտում՝ մասնագիտանալով հենց խաղային ծրագրավորման մեջ»,- նշել է «Gamechangers: Next Level»-ին Սյունքի մարզից մասնակցած 15-ամյա Նունե Հակոբջանյանը։

«Մեր շատ արագ զարգացող աշխարհում երիտասարդների թվային գրագիտությունը եւ ստեղծագործ մտածողությունը ամուր ապագա կերտելու գրավականն է։ Հայաստանի մարզաբնակ երիտասարդները ոչ թե ապագա կերտողներն են, այլ արդեն այսօր այդ գործընթացի ակտիվ մասնակիցներն են։ Մեր պատասխանատվությունն է նրանց զինել անհրաժեշտ գիտելիքով եւ հմտություններով, որ նրանք վստահ քայլերով առաջ ընթանան։ Այդ իսկ պատճառով մենք շարունակաբար ձգտում ենք մեր ծրագրերը հասանելի դարձնել Հայաստանի ավելի շատ մարզերում՝ ներգրավելով երիտասարդների ավելի լայն շրջանակ»,- նշել է ՁԻՀ-ի «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն» ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։