«Գիտական եւ տեխնոլոգիական լրագրություն» անվճար դասընթացն ընդունում է հայտեր։ 

Դասընթացի նպատակն է կրթել լրագրողների նոր սերունդ, որը կկարողանա գիտությունն ու տեխնոլոգիաները ներկայացնել ոգեւորիչ, գրագետ ու մատչելի լեզվով։ Սա հնարավորություն է ոչ միայն սովորելու՝ ինչպես պարզ ու հետաքրքիր ձեւով պատմել բարդ եւ կարեւոր երեւույթների մասին, այլեւ զարգացնելու քննադատական մտածողությունը եւ նպաստելու գիտելիքի վրա հիմնված հանրային քննարկումների ձեւավորմանը Հայաստանում։

Դասընթացի ընթացքում ոլորտի լավագույն մասնագետները կկիսվեն իրենց տեսական գիտելիքներով եւ գործնական փորձով։ Այս տարի դասախոսական կազմին միացել է նաեւ միջազգային գիտական լրագրող, որի հոդվածները տպագրվում են Scientific American, New Scientist, Retraction Watch, Medscape եւ այլ հեղինակավոր պարբերականներում։

Մասնակիցները կսովորեն գրել ազդեցիկ եւ խորքային պատմություններ, իրականացնել բովանդակային հարցազրույցներ մասնագետների հետ, վերլուծել եւ վիզուալիզացնել տվյալներ, սովորել AI գործիքներ եւ մուլտիմեդիա հմտություններ։

Կլինեն նաեւ ինտերակտիվ վարպետության դասեր, որոնց ընթացքում կզարգացնեն մասնագիտական կարողություններն ու ստացած գիտելիքը կկիրառեն իրական գործնական առաջադրանքներում։ Դասընթացի ավարտին կմշակեն եւ կիրականացնեն սեփական նախագիծը՝ ստանալով անհատական աջակցություն փորձառու մենտորից։

Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է։ Դասընթացն անվճար է։ Դիմել հնարավոր է այստեղ՝ լրացնելով հարցաշարը։

Դասընթացը կազմակերպվում է «Գիտուժ» նախաձեռնության, ISTC հիմնադրամի եւ Երեւանի պետական համալսարանի կողմից։ Դասընթացի գլխավոր գործընկերն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE)։