14:26 | 09.07.25 | Նորություններ | 976
Apple-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Ջեֆ Ուիլյամսը, որը Ջոնի Այվից հետո ղեկավարում էր դիզայներական թիմը, հեռանում է ընկերությունից։
Ուիլյամսը կհրաժարվի գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնից այս հուլիսին եւ ամբողջությամբ կհեռանա ընկերությունից տարեվերջին՝ թոշակի անցնելու պատճառով, ասվում է Apple-ի հայտարարության մեջ։ Մինչեւ հեռանալը նա կշարունակի գլխավորել դիզայներական թիմը եւ կառավարել ընկերության առողջապահական նախաձեռնությունները։
Ուիլյամսի պաշտոնը կզբաղեցնի Apple-ի գործառնությունների ավագ փոխնախագահ Սաբիկ Խանը, որն ընկերությունում աշխատում է 30 տարի։ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը նրան անվանում է «մատակարարման շղթայի գլխավոր ճարտարապետներից մեկը»։
Ուիլյամսը միացել է Apple-ին 1998 թվականին եւ 2015 թվականին ստանձնել է գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնը, գրում է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Գուրմանը։
Որոշ ժամանակ նա համարվում էր Քուքի «հավանական» իրավահաջորդը որպես ընկերության ղեկավար։ Ուիլյամսը նաեւ ստանձնել է Apple-ի դիզայներական թիմի ղեկավարությունը 2019 թվականին, երբ Ջոնի Այվը հեռացել է ընկերությունից։ Նրա հեռանալուց հետո դիզայներները հաշվետու կլինեն անմիջապես Քուքին։
Գուրմանն ասել է, որ Apple-ի կառավարման վերադասավորումները տեղի են ունենում «սակագների սրման», ամբողջ աշխարհում կարգավորող մարմինների ճնշման եւ iPhone-ի աճի դանդաղման ֆոնին։ Խանը նաեւ ստիպված կլինի ավելի շատ ներգրավված լինել այլ ոլորտներում, այդ թվում՝ արհեստական բանականության ներդրման գործում։