15:39 | 09.07.25 | Նորություններ | 1019
Meta-ն 3.5 միլիարդ դոլար է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում: Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ Meta-ն ներդրման դիմաց ստացել է EssilorLuxottica-ի բաժնետոմսերի մոտ 3%-ը։
Ապագայում ընկերությունը կարող է ավելի շատ գումար ներդնել ակնոց արտադրող ընկերությունում եւ իր բաժնեմասը հասցնել 5%-ի։
Հրատարակությունը գրում է, որ ներդրումները պետք է «ամրապնդեն» ընկերությունների միջեւ գործընկերությունը։ Բացի այդ, գործարքը համապատասխանում է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի՝ արհեստական բանականության զարգացման ծրագրերին, որի մի մասն են կազմում «խելացի» ակնոցները։
EssilorLuxottica-ն ֆրանսիական ընկերություն է, ակնոց արտադրող աշխարհի խոշորագույններից մեկը։ Այն ունի ավելի քան 150 ապրանքանիշ, այդ թվում՝ Ray-Ban-ը եւ Oakley-ն։ Ունի նաեւ Jimmy Choo, Swarovski, Dolce & Gabbana եւ այլ ապրանքանիշերի ներքո ակնոցների արտադրության լիցենզիաներ:
Ընկերությունները համագործակցում են մի քանի տարի. 2021 թվականին Meta-ն եւ Ray-Ban-ը թողարկել են իրենց առաջին «խելացի» ակնոցները, իսկ 2023 թվականին՝ դրանց թարմացված տարբերակը, 2025 թվականին՝ Oakley-ի «խելացի» ակնոցները, որոնք «ստեղծվել են մարզիկների համար»: