11:14 | 14.07.25 | Նորություններ | 1759
«Վիվա Արմենիա» ՓԲ ընկերության` 80 միլիոն ԱՄՆ դոլար անվանական ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխված են։
Յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը 7,65% է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն էր։
Այսպիսով, Viva-ն դարձել է Հայաստանի կապիտալի տեղական շուկայում մինչ օրս ամենամեծ ծավալով արտարժութային պարտատոմսեր թողարկած ընկերությունը։
«Սա մեծ նվաճում է Viva-ի համար, քանի որ ցույց է տալիս հանրության մեծ վստահությունը եւ դրական վերաբերմունքը մեր ընկերության նկատմամբ։ Այն ամուր հիմք է ստեղծում ընկերության հետագա զարգացման եւ մեր հավակնոտ ծրագրերի իրականացման համար։ Սա կարեւոր քայլ է, որը կօգնի ոչ միայն ամրապնդել մեր դիրքերը շուկայում, այլեւ ընդլայնել առաջարկվող ծառայությունների թիվն ու բարելավել հաճախորդների գոհունակությունը», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
«Ուրախ ենք, որ հայկական կապիտալի շուկայի համար հերթական կարեւոր նախագիծը հաջողությամբ իրականացվեց։ Վստահ եմ, որ այն, լինելով ամենախոշորն արտարժութային պարտատոմսերի շուկայում, իր կարեւորագույն տեղն է ունենալու մեր երկրի կապիտալի շուկայի զարգացման գործում: Կարեւորելով կապիտալի շուկայի դերը երկրի տնտեսության առաջընթացում` Ամերիան հետեւողականորեն աշխատում է այս ուղղությամբ, եւ պատահական չէ, որ վերջին 2 տարիներին մեր շուկայում թողարկված կորպորատիվ արժեթղթերի ընդհանուր ծավալի շուրջ 50%-ի տեղաբաշխումը կատարվել է Ամերիաբանկի կողմից: Նման խոշոր յուրաքանչյուր թողարկում եւս մեկ քայլ է դեպի զարգացած կապիտալի շուկա»,- նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
800 հազար պարտատոմս ձեռք են բերել հարյուրավոր ֆիզիկական անձինք եւ ինստիտուցիոնալ ներդրողներ։
Առաջնային տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։