Թումոն հայտարարել է տեխնոլոգիաների եւ դիզայնի կրթության նոր դարաշրջան․ AI-ը (արհեստական բանականությունը) կհամալրի թումոյական ոլորտների ցանկը եւ կինտեգրվի բոլոր ոլորտներում՝ ծրագրավորումից մինչեւ խաղերի մշակում:
Հոկտեմբերի 1-ից Հայաստանում Թումոյի բոլոր ուսանողներին հասանելի կդառնան AI բաղադրիչներով ինքնուսուցման վարժանքները, Գեներատիվ AI նոր ոլորտի դասընթացները եւ AI-ին նվիրված մեծ թվով աշխատարանները՝ ոլորտի միջազգային եւ տեղացի լավագույն մասնագետների ուղղորդմամբ, որոնց շնորհիվ ուսանողները թե՛ կստեղծեն AI գործիքներ, թե՛ կստեղծագործեն AI գործիքներով։ Այնուհետեւ ծրագիրը կներդրվի նաեւ միջազգային Թումո կենտրոններում։
«Մեր նպատակն է ուսանողներին տալ բոլոր անհրաժեշտ գործիքները, հմտությունները եւ ինքնավստահությունը, որպեսզի նրանք արհեստական բանականությունը ծառայեցնեն իրենց նպատակներին՝ խուսափելով պասիվ սպառող լինելու թակարդից, դառնան AI-ի սուպերօգտատերեր։ Այս գաղափարը պահանջում է, որ մենք համատեղենք AI-ի բերած անվտանգային եւ էթիկական մարտահրավերների մասին իրազեկումը նոր գործիքների ակտիվ փորձարկման հետ»,- նշել է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։
Ինչպես եւ բոլոր ոլորտները Թումոյում, Գեներատիվ AI կրթական ոլորտը կազմված կլինի ինքնուսուցման վարժանքներից եւ նախագծահեն, գործնական աշխատանքներից՝ դասընթացներից։ Այս գործընթացների միջոցով ուսանողները կծանոթանան տարբեր AI մոդելներին, որոնց կիրառմամբ կստեղծեն համակարգչային ծրագրեր, պատկերներ, տեսանյութեր, տեքստեր, ձայն եւ երաժշտություն։
Հաջորդ փուլում նրանք արդեն կմարզեն եւ կկիրառեն AI մոդելներ, կծանոթանան AI համակարգերի տեխնիկական մանրամասներին: Նաեւ կուսումնասիրեն արհեստական բանականության հետ կապված անվտանգային ու էթիկական հարցերը՝ ապատեղեկատվություն, հաշվետվողականություն, վերահսկողություն եւ այլն։
Գեներատիվ AI ոլորտի դասընթացների երրորդ փուլում ուսանողները հնարավորություն կստանան ինքնուրույն ստեղծելու AI համակարգեր, կառուցելու AI ագենտներ եւ մշակելու բազմաթիվ այլ տեխնոլոգիական նախագծեր։
Բացի այդ, Թումոյում մի քանի տասնյակով կավելանան տարվա ընթացքում անցկացվող AI-ի խորացված աշխատարանները։
Կրթական նորամուծությունները միաժամանակ հասանելի կդառնան տասնյակ հազարավոր ուսանողներին՝ ամենամեծ Թումո կենտրոնից մինչեւ ամենափոքր համայնքում գործող Թումո տուփ։ Նոր գրանցված ուսանողները նույնպես կկարողանան գրանցվել՝ մասնակցելու AI-ի ուսումնառության գործընթացին։
Դասընթացների ու միջոցառումների մասին բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։