18:35 | 24.07.25 | Նորություններ | 443
Օզզի Օսբորնի մահից հետո սքամերները նրա անունով թողարկված մեմքոյններից «վաստակել են» ավելի քան 600 հազար դոլար, հայտնում է Coindesk-ը:
Black Sabbath կուլտային ռոք խմբի վոկալիստ Օզզի Օսբորնի մահվան լուրերից ընդամենը մի քանի ժամ անց ի հայտ են եկել Օսբորնի անունով մեմքոյններ, օրինակ՝ OZZY կամ RIP Ozzy։ Իսկ երաժշտի կողմից ստեղծված NFT հավաքածուի առեւտրային ծավալը աճել է 1000 անգամ։
Coindesk-ի տվյալներով՝ Solana բլոկչեյնում հայտնաբերվել է նմանօրինակ առնվազն 15 մեմքոյն, որից 10-ը դասական սքամ է եղել։ «Pump & dump» սխեմայով խարդախները ավելի խոշոր նախագծերից ստացել են մոտ 1625 SOL, իսկ ավելի փոքր նախագծերից՝ 1675-1725 SOL (համապատասխանաբար՝ մոտ 302 հազար եւ 311-320 հազար դոլար` հուլիսի 24-ի դրությամբ)։
«Pump & dump» մեխանիզմում կազմակերպիչները արհեստականորեն բարձրացնում են թոքենների շուրջ հետաքրքրությունը՝ գնորդներ ներգրավելու եւ գինը ուռճացնելու նպատակով։ Երբ գինը զգալիորեն աճում է, նրանք վաճառում են իրենց թոքենները չափազանցված արժեքով։ Արդյունքում գինը կտրուկ նվազում է, իսկ մնացած ներդրողները կրում են մեծ վնասներ։
CryptoBatz NFT հավաքածուի թողարկման մասին Օսբորնն անձամբ հայտարարել էր դեռեւս 2021 թվականին։ Նրա մահվան լուրերից հետո ընդամենը մեկ օրվա ընթացքում հավաքածուի առեւտրային ծավալն աճել է 1000 անգամ։
Մեկօրյա «ռեկորդը» կազմել է մոտ 80% CryptoBatz-ի ընդհանուր շուկայական կապիտալից, որը DappRadar-ը գնահատում է 355 հազար դոլար։ Ընդհանուր առմամբ գործարքներին մասնակցել է 402 վաճառող եւ 327 գնորդ։