Apple-ը հասանելի է դարձրել իր ապագա օպերացիոն համակարգերի առաջին հանրային բետա տարբերակները՝ iOS 26, iPadOS 26, macOS Tahoe 26, watchOS 26 եւ tvOS 26։ 

Այժմ նոր գործառույթներն ու արտաքին ձեւավորումը կարող են փորձարկել ոչ միայն մշակողները, այլեւ՝ բոլոր ցանկացողները։

Գլխավոր նորամուծությունը՝ Liquid Glass անունով թեման է։ Այն ոգեշնչված է visionOS ինտերֆեյսից եւ ամբողջությամբ վերափոխում է համակարգերի ավանդական տեսքը․ այժմ դրանցում գերակշռում են թափանցիկ եւ կիսաթափանցիկ տարրերը, որոնք կարծես ստեղծված են ապակուց։

Մշակողների համար բետա տարբերակի թողարկումից հետո Apple-ն արդեն հասցրել է փոխել թափանցիկության աստիճանը եւ թարմացնել տեսքը։ Ըստ առաջին արձագանքների՝ այդ փոփոխությունների շնորհիվ ինտերֆեյսն ավելի կոկիկ ու հանգիստ է դարձել։

Apple-ը միավորել է նաեւ տարբեր համակարգերի համար տարբերակների համարակալման սխեման․ այժմ բոլոր նոր օպերացիոն համակարգերը հանդես են գալիս 26 ինդեքսով։ Սա արված է ավտոմոբիլային արդյունաբերության տրամաբանությամբ՝ մոդելները կոչելով հաջորդ տարվա թվով, ոչ թե ընթացիկի։ 

Բետա տարբերակները կարելի է փորձել համակարգի թարմացման մենյուի միջոցով՝ նախապես գրանցվելով Apple-ի բետա թեստավորման ծրագրում։ Նախքան թարմացնելը խորհուրդ է տրվում պահեստային պատճեն (backup) ստեղծել, քանի որ սա վերջնական տարբերակը չէ, հնարավոր են սխալներ ու խափանումներ։