Google-ը գործարկել է նոր արհեստական բանականության գործառույթ, որն օգտատերերին հնարավորություն է տալիս վիրտուալ կերպով փորձել հագուստ։
Տեխնոլոգիական հսկան ներկայացնում է նաեւ թարմացված գների ազդանշաններ (price alerts) եւ նախանշում ապագա մի գործառույթ, որը թույլ կտա ուսումնասիրել գնումի ենթակա հանդերձանքներ եւ ինտերիերի ոգեշնչման տարբերակներ՝ գեներատիվ պատկերների օգնությամբ։
Գործառույթն աշխատում է հետեւյալ կերպ՝ օգտատերը վերբեռնում է իր ամբողջական լուսանկարը, եւ համակարգը վիրտուալ կերպով հագցնում է ընտրված հագուստը պատկերին։
Չնայած նախկինում Google-ն առաջարկել էր վիրտուալ փորձարկման տեխնոլոգիա, սակայն այն կենտրոնացած էր հագուստի ցուցադրում՝ տարբեր մարմնակազմվածքով մոդելների վրա։ Նոր գործառույթը թույլ է տալիս օգտատերերին հագուստ փորձել իրենց իսկ վիրտուալ մարմնի վրա։
Այս գործառույթն արդեն հասանելի է ԱՄՆ-ում՝ Google-ի Shopping Graph-ում որոնման, Google Shopping-ի եւ Google Images-ի արդյունքների միջոցով։