16:33 | 30.07.25 | Նորություններ | 177
Team Telecom Armenia-ն, որպես տեխնոլոգիական գործընկեր, այս տարի եւս ամռան ամենամասշտաբային նորարարական նախագծի՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի կողքին էր:
Վրանային բիզնես ֆորումի աշխարհագրությունը 2025-ին էապես ընդլայնվել է՝ մեկ շաբաթում Սեւանի ավազանում համախմբելով շուրջ 15 000 մասնակցի աշխարհի 40 երկրից:
Սամմիթի ընթացքում անցկացվող CampFire Talk-ին ելույթներով են հանդես եկել Team Telecom Armenia-ի համահիմնադիրներ Հայկ եւ Ալեքսանդր Եսայանները՝ անդրադառնալով տելեկոմ եւ վերականգնվող էներգիայի ոլորտների զարգացմանն ու հեռանկարներին, ինչպես նաեւ Հայաստանում գերհզոր AI կենտրոնի կառուցմանը:
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կարեւորել է «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ում մեծ ենթակառուցվածքային ընկերության եւ IT համայնքի միջեւ երկխոսությունը։
«Մենք՝ որպես տեխնոլոգիական մեծ ենթակառուցվածքներ ունեցող եւ զարգացնող ընկերություն, այստեղ ենք՝ ներկայացնելու, թե ուր է գնում տելեկոմ ոլորտը, եւ նորարարություններն ինչպես են ազդում ոլորտի ու դրանում ընթացող փոփոխությունների վրա: Միաժամանակ, սա հրաշալի հարթակ է՝ ծանոթանալու նոր, թարմ գաղափարների, տեսնելու՝ ինչ մտքեր են գեներացնում մեր երիտասարդները, դեպի ուր են նայում, եւ ինչպես կարող ենք համադրել տեխնոլոգիական տարբեր ոլորտները»,- նշել է Հայկ Եսայանը:
«Սեւան Ստարտափ Սամմիթ» նախագծի տնօրեն Վահագն Ռափյանի խոսքով՝ վրանային բիզնես ֆորումի աշխարհագրության մեծացումն էապես նպաստում է նորանոր նախաձեռնությունների մեկնարկին:
«Փորձել ենք այս տարի Սամմիթը դարձնել միջոցառումների պլատֆորմ եւ անցկացրել ենք տարբեր ոլորտային միջոցառումներ ու կրթական ծրագրեր: Այս ամենի հարթ ու արդյունավետ ընթացքի համար կարեւոր է մեր գործընկերների դերակատարումը: Արդեն երկար տարիներ ավանդաբար համագործակցում ենք Team Telecom Armenia-ի հետ, որը շուրջ 40 հեկտար տարածքում, որտեղ ենթակառուցվածքներն այդքան էլ զարգացած չեն, ապահովում է մեր որակյալ ինտերնետ կապը»,- նշել է Վահագն Ռափյանը:
Այս տարի եւս Սամմիթի շրջանակում անցկացվել է Sevan EV Rally-ն, որի մասնակից էլեկտրամեքենաների լիցքավորումն իրականացվել է Team Energy-ի՝ հատուկ ավտովազքի համար տեղադրված արագ լիցքավորման կայաններում։ Միջոցառման նպատակն էր ուշադրություն հրավիրել Սեւանի էկոմիջավայրի վրա:
Հավելենք, որ մինչ օրս նախագծի 12 միջոցառումներին ներգրավվել է մոտ 60 000 մասնակից աշխարհի շուրջ 60 երկրից: Ավելի քան 1700 ստարտափ ընկերություններից շատերը գրանտային մրցանակներ են ստացել շուրջ 650 հազար ԱՄՆ դոլարի հասնող մրցանակային ֆոնդից։ Նախագծի շրջանակում կատարված ներդրումների եւ ներդրումային պայմանավորվածությունների չափը գերազանցում է 5 միլիոն ԱՄՆ դոլարը։