Ucom-ը եւ Արեւորդի ՀԿ-ն հայտարարել են «Խելացի թռչնադիտարկում․ քաղաքային բնությունը՝ երիտասարդների աչքերով» նորարարական կրթական ծրագրի մեկնարկի մասին։ 

Այն միավորելու է թվային տեխնոլոգիաները եւ բնապահպանական կրթությունը՝ նպաստելով երիտասարդների կապի ամրապնդմանը քաղաքային կենսաբազմազանության հետ։

Ծրագրի շրջանակում դպրոցներում եւ համայնքային տարածքներում տեղադրված արհեստական բանականությամբ աշխատող «Bird Buddy» խելացի կերամանները աշակերտներին հնարավորություն կտան բջջային հավելվածի միջոցով դիտարկել եւ ճանաչել թռչուններին։ Երբ թռչունը մոտենում է կերամանին, ներկառուցված տեսախցիկն ավտոմատ կերպով ակտիվանում է, լուսանկարում եւ տեսանկարահանում այն, ապա արհեստական բանականության ալգորիթմը վերլուծում է պատկերը եւ որոշում թռչնի տեսակը։

Այդ տեղեկատվությունն ուղարկվում է Bird Buddy-ի բջջային հավելվածին, որի միջոցով օգտատերը տեղեկատվություն է ստանում թռչնի տեսակի եւ դրան վերաբերող այլ հետաքրքիր փաստերի մասին։ Արդյունքում աշակերտները կարող են դիտել կենդանի կամ ձայնագրված տեսանյութերը, ճանաչել թռչունների տեսակները, պահել «թռչնային մատյան»՝ գրանցելով այցելությունները, կիսվել իրենց դիտարկումներով ուսուցիչների եւ ընկերների հետ։ 

«UCOM-ի համար, որպես կանաչ ընկերություն, շրջակա միջավայրի պահպանությունը շատ կարեւոր է, եւ մենք հավատում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաները պետք է նպաստեն բնապահպանական կրթության զարգացմանը։ Այս ծրագրի միջոցով մենք ստեղծում ենք այնպիսի միջավայր, որտեղ երեխաները հնարավորություն կունենան գործնականում կիրառել նոր տեխնոլոգիաները՝ առավել դինամիկ բնապահպանական կրթություն ստանալու համար։ Այս համագործակցությամբ մենք նպաստելու ենք, որ առաջադեմ տեխնոլոգիաները ծառայեն համայնքների զարգացմանը»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս գործընկերությունը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են տեխնոլոգիական նորամուծությունները հարստացնել կրթական պրոցեսը։ Երբ միավորում ես բնական հետաքրքրասիրությունը, բնության հանդեպ սերը եւ տեխնոլոգիական լուծումները, երեխաներն սկսում են նորովի տեսնել իրենց միջավայրը։ Այս ծրագիրն օգնում է ոչ միայն ճանաչել թռչուններին, այլ նաեւ ձեւավորել բնության հանդեպ հոգատար մտածողություն, թվային հմտությունների կիրառմամբ աշխարհը նորովի բացահայտելու ունակություն», - ասել է Արեւորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Ծրագիրը ներառում է նաեւ ներառական կրթության բաղադրիչներ։ «Խելացի կերամանները» կտեղադրվեն Երեւանի, Դիլիջանի եւ Եղեգնաձորի մի շարք դպրոցներում, ինչպես նաեւ Ջրվեժի անտառպարկում եւ Ուրցաձորի Էկոկենտրոնում։