ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ CyberHUB-AM-ի կողմից պաշտոնապես գործարկվել է ԿիբեռՉատ հարթակը՝ Հայաստանի առաջին առցանց աջակցման եւ տեղեկատվական համակարգը, որը նախատեսված է մինչեւ 18 տարեկան երեխաների եւ դեռահասների համար։ 

Հարթակի նպատակն է ապահովել երեխաների եւ դեռահասների անվտանգությունն առցանց միջավայրում։ Այն գործում եւ ապահովում է երեք հիմնական խորհրդատվական եւ աջակցության բնույթի ուղղությամբ․տեխնիկական, իրավական եւ հոգեբանական։

Այն ստեղծվել է ի պատասխան աճող սպառնալիքների, որոնք թիրախավորում են երեխաներին եւ դեռահասներին՝ կիբեռբուլինգի, անձնական տվյալների շանտաժի, հետապնդման, օգտահաշիվները կոտրելու եւ այլ միջոցներով։

ԿիբեռՉատը հասանելի է՝ chat.cyberhub.am հասցեով եւ առաջարկում է․

•    անանուն առցանց չատ՝ 24/7 հասանելիությամբ,
•    թեժ գիծ՝ 055 228811 հեռախոսահամարով,
•    ուղիղ կապ Facebook, Instagram, TikTok, Snapchat, Telegram, WhatsApp  հարթակներով,
•    տեխնիկական, իրավական եւ հոգեբանական աջակցություն,
•    օգտակար նյութեր, ուղեցույցներ եւ կանխարգելիչ խորհուրդներ:

Հարթակը մշակվել եւ ադապտացվել է ոչ միայն երեխաների եւ դեռահասների, այլեւ մեծահասակների կարիքներին համապատասխան, որոնք կարող են հանդիսանալ երեխայի ծնողները, մանկավարժը կամ օրինական խնամակալը։

Ծնողները, ուսուցիչները, հոգեբանները եւ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են օգտվել կայքում առկա ռեսուրսներից՝ երեխաներին աջակցելու եւ առցանց սպառնալիքներին ճիշտ արձագանքելու համար։

Հարթակը ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ միջազգային զարգացման շրջանակում։