Perplexity ստարտափը, որը մշակում է AI-ով աշխատող որոնողական համակարգ եւ մրցում Google-ի հետ, ներգրավել է 200 մլն դոլար՝ հասնելով 20 մլրդ դոլար շուկայական գնահատման, գրում է The Information-ը։
Այս ներդրումն ստարտափը ստացել է ընդամենը երկու ամիս անց, երբ Bloomberg-ի տվյալներով ընկերությունը ներգրավել էր եւս 100 մլն դոլար՝ 18 մլրդ դոլար գնահատմամբ։ Ընդհանուր առմամբ, երեք տարի առաջ հիմնադրված Perplexity-ն արդեն ներգրավել է շուրջ 1.5 միլիարդ դոլար, նշում է PitchBook-ը։ Վերջին փուլի գլխավոր ներդրողի անունը դեռեւս անհայտ է։
Աղբյուրի համաձայն՝ Perplexity-ի տարեկան պարբերական եկամուտը (ARR) մոտենում է 200 մլն դոլարի, մինչդեռ մեկ ամիս առաջ ընկերության հաղորդակցությունների ղեկավարն ասել էր, որ այդ ցուցանիշն արդեն գերազանցում է 150 մլն դոլարը։
Նոր ֆինանսավորումը ստարտափին հնարավորություն է տալու ամրապնդել դիրքերը որպես Google-ի որոնողական գերակայությանը մարտահրավեր նետող խաղացող։
Օգոստոսին Perplexity-ն նույնիսկ առաջարկել էր գնել Google Chrome բրաուզերը 34.5 միլիարդ դոլարով, սակայն այս ամսվա սկզբին դաշնային դատարանը վճռեց, որ Google-ը պարտավոր չէ վաճառել Chrome-ը, ինչի արդյունքում որոնման հսկան կշարունակի վերահսկել իր բրաուզերը։