Սեպտեմբերի 12-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հանրահանի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Հայրապետյանը բարձր է գնահատել այցի կարեւորությունը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը ռազմավարական առաջնահերթություն են։ Նախարարը նշել է, որ այցը դիտարկվում է որպես հարաբերությունների նոր որակի հաստատման կարեւոր քայլ։

Հանդիպման ընթացքում Մխիթար Հայրապետյանը վստահություն է հայտնել, որ պատվիրակության այցը մեծապես կնպաստի ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացմանը։ Նախարարի խոսքով՝ այս համագործակցությունը լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից։

Իր խոսքում Բրենդան Հանրահանը նշել է, որ ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրի բովանդակությունը վկայում է այն մասին, որ տեխնոլոգիական ոլորտում առկա է երկկողմ համագործակցության մեծ ներուժ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, արհեստական բանականության ուղղությամբ ներդաշնակ քաղաքականությունների մշակման հնարավորությունները, Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգում ներդրումների իրականացումը եւ չիպերի նախագծման, նույնականացման եւ թեստավորման կարողությունների զարգացումը։

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում ամերիկյան վերազգային ընկերությունների ներգրավվածության ընդլայնման, ներդրումների խթանման, արտահանման ընթացակարգերի պարզեցման, գիտահետազոտական (R&D) նախագծերի իրականացման, Firebird ընկերության՝ ԱԲ տվյալային կենտրոնի համար նախատեսված ենթակառուցվածքի համար արտահանման թույլտվության տրամադրման վերաբերյալ հարցերի եւ գործող լուծումների բարելավման շրջանակ:

Հատուկ ուշադրություն է դարձվել կիբեռանվտանգության եւ տիեզերական ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ տեխնոլոգիական ոլորտում Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր այլ ուղղություններին։