Մեկնարկել է Հայաստանի ամենամեծ AI/ML միջոցառումը՝ Դատաֆեստ Երեւան միջազգային համաժողովը: 

Այս տարի այն անցկացվում է սեպտեմբերի 12-13-ը եւ արդեն վեցերորդ տարին անընդմեջ համախմբում է աշխարհի առաջատար մասնագետներին, հետազոտողներին, ինժեներներին եւ տեխնոլոգիաներով հետաքրքրված մասնագետներին։

Համաժողովի նպատակն է խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի եւ արտերկրի մասնագետների համար ստեղծելով հարթակ, որտեղ նրանք կկարողանան հաղորդակցվել, կիսվել իրենց փորձով եւ նոր կապեր հաստատել։

«Տարիների ընթացքում Դատաֆեստ Երեւանը վերածվել է ավելի ընդգրկուն ու միջազգային հարթակի․ այս տարի այն անցկացվում է արդեն երեք զուգահեռ սեսիաներով, ինչը լավագույնս ընդգծում է միջոցառման մասշտաբն ու թեմատիկ հարուստ շրջանակը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում են LLM-ները, չատբոտերը, ինչպես նաեւ BioML-ի գործնական կիրառումները կենսաբժշկության եւ քիմիայի ոլորտներում։ Միջոցառումը համախմբում է համաշխարհային փորձագետների եւ տեղական մասնագետների՝ ամրապնդելով Հայաստանի դերը որպես տարածաշրջանային AI կենտրոն», - նշել է «Դատաֆեստ Երեւան» համաժողովի համակազմակերպիչ Զավեն Նավոյանը։

Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Կանադայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Հնդկաստանից, Գերմանիայից եւ այլն։ 

Դատաֆեստ Երեւան 2025-ի շրջանակում ելույթներով հանդես են եկել ոլորտի առաջատար այնպիսի կազմակերպությունների եւ ինստիտուտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Meta-ն, Google DeepMind-ը, HuggingFace-ը, London Institute for Mathematical Sciences-ը, NVIDIA-ն, JetBrains-ը, Picsart-ը, PMI Science-ը, TUMO-ն, Helmholtz Munich-ը եւ այլն։ Ելույթները ներկայացրել են տվյալագիտության, մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները եւ տեղի ունեցող զարգացումները։

«Դատաֆեստ Երեւանի առանձնահատկությունը բանախոսների բազմազանությունն է․ ծրագրում ներառված են հետազոտական, արդյունաբերական, տվյալագիտության եւ ծրագրային ինժեներիայի ոլորտների լավագույն մասնագետները։ Մենք պահպանում ենք խիստ չափանիշներ՝ պահանջելով, որ զեկույցները լինեն խորքային, տեղեկատվական եւ պարունակեն գործնական եզրակացություններ, որոնք հեշտությամբ հնարավոր չէ գտնել։ Մասնակցելով միջոցառմանը` մասնագետները ոչ միայն կապեր են հաստատում, այլեւ դառնում են ավելի պատրաստ մարտահրավերներին», - նշել է «Դատաֆեստ Երեւան» համաժողովի համակազմակերպիչ Արսեն Եղիազարյանը։

Միջոցառման գործընկերներն են Firebird AI, Freedom Broker, PMI Science R&D Center Armenia, SoftConstruct, WorldQuant, Envoy, JetBrains, Yandex, Woods Center, Provectus, Eleveight AI եւ Simply Technologies ընկերությունները: Միջոցառման կազմակերպիչն է Դատաֆեստ Երեւան հասարակական կազմակերպությունը։