Սեպտեմբերի 18-ին կայացել է «State&Tech Bridge» միջոցառումը, որը միտված էր պետություն-մասնավոր համագործակցությունը խթանելուն։
Միջոցառման ընթացքում քննարկվել են օրենսդրական բարեփոխումները, միջազգային համագործակցության նախաձեռնությունները, հարկային արտոնությունների տրամադրումը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումների հնարավորությունները։
Միջոցառմանը մասնակցում էին DataArt Armenia, Siemens, Adobe, Nvidia, Sperasoft Armenia, Quantori, Volo եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԱԺ փոխնախագահի խորհրդական Սերգեյ Մուրադյանի խոսքով՝ նպատակը արդյունավետ եւ շարունակական երկխոսություն ձեւավորելն է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների եւ գործադիր իշխանության մարմինների միջեւ։
photo © Մեդիամաքս
«2025 թվականի առաջին կիսամյակի եւ 2024 թվականի առաջին կիսամյակի համադրության արդյունքում պարզ է դառնում, որ տեխնոլոգիական ոլորտի համախառն շրջանառությունը աճել է 30,4 տոկոսի չափով, իսկ 2025/2024 հունիս համադրության արդյունքում աշխատակիցների քանակը աճել է 878-ով»,- նշել է Սերգեյ Մուրադյանը։
ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նախարարության ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Բացի այդ, ներկայացվել է նախարարության կողմից արդեն ընդունված եւ ընթացքի մեջ գտնվող օրենսդրական բարեփոխումների փաթեթները, որոնք ուղղված են գիտահետազոտական գործունեության (R&D) խթանմանը, միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ներգրավմանը հայկական շուկա, ինչպես նաեւ այդ նպատակով նախատեսված ծրագրերի ու նախաձեռնությունների ընդլայնմանը։
photo © Մեդիամաքս
««Բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցության մասին» օրենքում առանձնացվել է երեք հիմնական բաղադրիչ՝ նոր աշխատակիցների ներգրավումը, աշխատանքային միգրանտների ներգրավումը եւ վերապատրաստումը։ Առաջին եռամսյակի արդյունքներով ստացվել է 463 դիմում, որոնցից բավարարվել է 206 ընկերության հայտ, իսկ ընդհանուր տրամադրված գումարը կազմել է 2 միլիարդ 65 միլիոն դրամ»,- նշել է Ռուբեն Սիմոնյանը։
DataArt Հայաստան ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը
iTel.am-ի հետ զրույցում կարեւորել է պետական այրերի եւ տեխնոլոգիական համայնքի միջեւ «կամուրջի» ստեղծումը։
photo © Մեդիամաքս
«Ընդունված օրենքները հաճախ կարելի է կատարելագործել։ Ժամանակի հետ տարբեր հարցեր են առաջանում եւ դրանք համատեղ քննարկելն ու լուծումներ գտնելը առողջ գործընթաց է։ Բավականին ծավալուն քննարկումներ ենք ունեցել եւ ունենք ներկայացված փոփոխության փաթեթ։ Փորձում ենք երկխոսության միջոցով հասկանալ եւ լուծումներ մշակել՝ հաշվի առնելով նաեւ մեր տարածաշրջանի ընթացիկ գործընթացներն ու ընդհանուր պատկերը»,- ասել է Արսեն Բաղդասարյանը։
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաեւ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, մի շարք այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Նունե Գրիգորյան