Թբիլիսիի N104 դպրոցում բացվել է Վրաստանի մայրաքաղաքի առաջին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը՝ ի լրումն երկրում արդեն գործող 11 աշխատանոցի։
Բացման արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Վրացական կողմը ներկայացնում էր Կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Թամար Մակարաշվիլին:
2011 թվականից իրականացվող «Արմաթը» ճարտարագիտական ոչ ֆորմալ կրթության հայկական ազգային ծրագիրն է եւ ԱՏՁՄ առանցքային նախաձեռնություններից մեկը։ Իրականացվում է ԿԳՄՍՆ օժանդակությամբ։
Ներկայում Հայաստանում գործում է շուրջ 630 «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց։ «Արմաթը» գործում է նաեւ արտերկրում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Քուվեյթում, Բանգլադեշում, Հնդկաստանում, Էսվատինիում եւ Վրաստանում, որտեղ գործող աշխատանոցների թիվն ավելացել է մեկով։