Հայաստանում հիմնադրված, կանանց եւ նորարարության շուրջ գլոբալ հարթակ FEMINNO-ն պաշտոնապես բացել է մասնաճյուղ Նյու Յորք քաղաքում՝ շարունակելով իր միջազգային ընդլայնումը Հայաստանի եւ Լոս Անջելեսի հաջող զարգացումներից հետո։
Այս նոր մեկնարկն արտացոլում է FEMINNO-ի զարգացող բնույթը՝ որպես կանանց, գաղափարների ու տեխնոլոգիաների միավորող հարթակ՝ միաժամանակ հավատարիմ մնալով հայ համայնքի եւ մշակույթի արժեքներին։
Նյու Յորքում անցկացված մեկնարկի միջոցառումը համախմբել է առաջնորդների, նորարարների եւ գործընկերների՝ երեկոն համեմելով ժամանակակից տեխնոլոգիական բովանդակությամբ, հայկական գինով եւ խոհանոցի ուտեստներով։
Միջոցառումը տոնում էր FEMINNO-ի ձեռքբերումները՝ միաժամանակ ընդգծելով Նյու Յորքում ձեւավորվող եւ աճող գործընկերությունները։
Բանախոսների կազմը արտացոլում էր FEMINNO-ի կենտրոնացումը առաջնորդության վրա՝ քաղաքականության, տեխնոլոգիայի եւ սոցիալական ազդեցության խաչմերուկում։ Unchained At Last կազմակերպության ՄԱԿ-ի համակարգող եւ UN NGO CSW/NY-ի նախկին նախագահ Հուրի Գյուդելեքյանը խոսել է հավաքական ուժի, քաղաքական ազդեցության եւ կանանց ու աղջիկների համար շարունակական պաշտպանվածության կարեւորության մասին համաշխարհային մակարդակով։
Nasdaq-ի գործադիր պրոդյուսերներից Քրիստինա Այանյանը կիսվել է իր փորձով գլոբալ ֆինանսական եւ նորարարական կառույցներում՝ ընդգծելով կանանց դերը համակարգերը ներսից ձեւավորելու եւ փոխելու գործում։
Նյու Յորքի համալսարանի (NYU) հրավիրյալ դասախոս եւ թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության տնօրեն Սիրանուշ «Սիրի» Կոստանյանն անդրադարձել է արհեստական եւ մարդկային բանականությունների փոխհարաբերության զարգացմանը։
FEMINNO NYC-ի մեկնարկը նշանավորել է նաեւ FEMINNO-ի նոր անդամակցության մոդելի ներկայացումը, որը մշակված է աճող գլոբալ համայնքին աջակցելու համար՝ ուսուցման, առաջնորդության, համագործակցության եւ տեսանելիության կառուցվածքային հնարավորություններով։ Այս մոդելը արտացոլում է FEMINNO-ի անցումը դեպի կայուն էկոհամակարգ, որն ամբողջ տարվա ընթացքում աջակցում է կանանց եւ գործընկերներին։ Անդամակցության ծրագիրը նաեւ հանդիսանում է Նյու Յորքում երկարաժամկետ ներգրավվածության եւ մասնաճյուղի զարգացումն ապահովող հիմք։
Ներկայացվել է նաեւ FEMINNO-ի AI Girls ծրագիրը, որը նպատակ ունի դեռահաս աղջիկներին զինել արհեստական բանականության գրագիտությամբ, վստահությամբ եւ ապագային պատրաստ հմտություններով։ Նյու Յորքի մասնաճյուղի ստեղծմամբ AI Girls-ը պատրաստվում է ընդլայնվել մենտորության, գործընկերությունների եւ սփյուռքի ներգրավման միջոցով՝ ամրապնդելով իր առաքելությունը՝ ապահովելու, որ աղջիկները լինեն ոչ միայն տեխնոլոգիայի օգտագործողներ, այլեւ մարդակենտրոն, ԱԲ-ով առաջնորդվող ապագայի ակտիվ մշակողներ։
«FEMINNO-ն սկսվեց Հայաստանում՝ որպես տեսլական՝ ստեղծելու տարածք, որտեղ կանայք կարող են առաջնորդել, նորարար եւ տեսանելի լինել։ FEMINNO-ն Նյու Յորք բերելը պարզապես աշխարհագրական աճ չէ․ դա պատասխանատվություն է։
Պատասխանատվություն՝ կառուցելու նշանակալից կապեր, ձեւավորելու էթիկական նորարարություն եւ ապահովելու, որ կանայք ու աղջիկները լինեն այն ապագայի կենտրոնում, որը մենք ստեղծում ենք՝ հատկապես արհեստական բանականության դարում»,- նշել է FEMINNO-ի հիմնադիր Սեդա Պապոյանը։
Ներկայում FEMINNO-ն գործող մասնաճյուղեր ունի Հայաստանում, Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում։