OpenAI-ը ներկայացրել է ChatGPT Health-ը՝ նշելով, որ շաբաթական 230 միլիոն օգտատեր առողջության վերաբերյալ հարց է տալիս։
ChatGPT Health գործառույթը, ընկերության խոսքով, օգտատերերին կառաջարկի հատուկ միջավայր՝ իրենց առողջության վերաբերյալ հարցերով ու խնդիրներով ChatGPT-ի հետ զրույցներ վարելու համար։
Մարդիկ արդեն օգտագործում են ChatGPT-ն բժշկական հարցեր տալու համար, սակայն ChatGPT Health-ն այս զրույցները առանձնացնում է մյուս չատերից, որպեսզի առողջական համատեքստը չհայտնվի սովորական խոսակցությունների ընթացքում։
Եթե օգտատերերը սկսեն առողջությանը վերաբերող զրույցներ Health բաժնից դուրս, ապա արհեստական բանականությունը կփորձի հուշել տեղափոխվել համապատասխան բաժին։
Health միջավայրում AI-ը կարող է հղում անել այն թեմաներին, որոնք քննարկել եք ստանդարտ զրույցի ընթացքում։ Օրինակ՝ եթե ChatGPT-ից օգնություն եք խնդրել մարաթոնի մարզման պլան կազմելու համար, ապա Health-ում ձեր ֆիթնես նպատակների մասին խոսելիս համակարգը կհիշի, որ դուք վազորդ եք։
ChatGPT Health-ը նաեւ հնարավորություն կունենա ինտեգրվել անձնական տվյալների կամ առողջական ցուցանիշների այնպիսի հավելվածների, ինչպիսիք են Apple Health-ը, Function-ը եւ MyFitnessPal-ը։ OpenAI-ը նշում է, որ Health բաժնի զրույցները չեն օգտագործվի մոդելների ուսուցման համար։
Չնայած առողջապահական համակարգի թերություններին՝ բժշկական խորհրդատվության համար AI չատբոթների օգտագործումը նոր մարտահրավերներ է ստեղծում։ Լեզվական խոշոր մոդելները (LLM), ինչպիսին է ChatGPT-ը, գործում են՝ կանխատեսելով ամենահավանական պատասխանը, ոչ թե ամենաճիշտը, քանի որ նրանք չունեն «ճշմարտության» ընկալում։ Բացի այդ, AI մոդելները հակված են հալյուցինացիաների։
OpenAI-ն իր օգտագործման պայմաններում նշում է, որ համակարգը «նախատեսված չէ որեւէ առողջական վիճակի ախտորոշման կամ բուժման համար»։ Ֆունկցիան նախատեսվում է գործարկել առաջիկա շաբաթների ընթացքում։