Նոր եւ այլընտրանքային տեխնոլոգիաները մարդկանց կարիքներին ծառայեցնելը շարունակում է կարեւոր տեղ զբաղեցնել Viva-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագրերում: 

Այդ տրամաբանության շրջանակում` ազդարարվել է նոր համագործակցության մասին: Գործընկեր կազմակերպությունը «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ն է, որը 2017 թվականին սկսել է գործել որպես ներառական ամառային ճամբար, իսկ մեկ տարի անց վերափոխվել սոցիալ-վերականգնողական կենտրոնի: 

Կենտրոնի հմուտ բազմամասնագիտական թիմը ձգտել է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հաշմանդամություն եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների համար, սակայն դեռեւս առկա են չլուծված խնդիրներ: Viva-ի աջակցությամբ կլուծվի եւս մեկ կարեւոր հարց: 

«Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպության կենտրոնում տարեկան կտրվածքով սպասարկվում է 120 շահառու: Նրանցից 100-ը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈւ) կամ հաշմանդամություն ունեցող, իսկ 20-ը՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են: Շահառուներից յուրաքանչյուր երկրորդի մոտ առկա են զգայական խնդիրներ: 

Կենտրոնում իրականացվում են բազմապրոֆիլ սոցիալ-վերականգնողական թերապիաներ, սակայն անգնահատելի է համարվում զգայական ինտեգրման սենսորային սենյակի առկայությունը: Կենտրոնի մասնագետները ժամանակավոր եւ իրավիճակային լուծումներ են գտել. Էրգոթերապիայի սենյակում ձեւավորել են զգայական ինտեգրմանը նպաստող միջավայր, որը, սակայն, չի կարող բավարար համարվել: 

Անհրաժեշտ համալիր միջոցների բացակայությունը պահանջում է իրերի անընդհատ տեղափոխություն, հանգեցնում է ժամանակի զգալի կորստի՝ կրճատելով արդյունավետության աստիճանը: Ազդարարվող համագործակցությունն ուղղված է հենց այդ խնդիրների լուծմանը:

Viva-ի աջակցությամբ՝ միջազգային փորձագետներն արդեն նախագծել են զգայական ինտեգրման սենսորային սենյակի հատակագիծը: Պատվիրվել եւ Հայաստան են բերվում անհրաժեշտ սարքավորումները՝ զգայական գործիքներով եւ թերապեւտիկ լուծումներով հագեցած սենյակը ստեղծելու համար: Որպես պահեստ ծառայած անշուք սենյակն էլ կվերանորոգվի՝ պահանջված չափանիշներով:

«Երբ մենք ունենանք անհրաժեշտ սարքավորումներով հագեցած սենյակ, դա հնարավորություն կտա էապես փոխել շահառուների կյանքի որակը: Մենք նրանց կօգնենք զգայական խնդիրները հաղթահարել ոչ սթրեսային հոգեվիճակով, այլ ավելի հեշտ եւ ոչ ինքնուրույն կամ միայնակ: Նոր ստեղծվող սենյակի համար նախատեսվող յուրաքանչյուր աջակցող միջոց ունի իր առանձնահատուկ եւ կարեւոր նշանակությունը: Դրանք կառավարելի, փոփոխություններ, կարգավորումներ ունեցող սարքավորումներ են, որոնք թույլ կտան ընտրել յուրաքանչյուր շահառուի կարիքներին համապատասխան լուսավորության, թրթռումների, լույսի ձայնի ինտենսիվության աստիճան, տակտիլային հպման զգացողությունների ինտենսիվության աստիճան: Viva-ի աջակցությամբ մենք հնարավորություն ենք ունենալու՝ ստեղծել մեզ համար այսքան տարիների բաղձալի սենյակը»,- ասել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ նախագահ Արփինե Աշոտյանը:

Արդյունքում՝ օգտվողները հնարավորություն կունենան ինքնուրույն, ըստ ցանկության, շատ արագ փոխելու միջավայրը՝ ձեռքի հպումով եւ ձայնային հրահանգներով հարմարեցնելով իրենց զգացողություններին: Պլանշետի վրա հիմնված ինտերֆեյսով՝ հնարավոր կլինի իրական ժամանակում փոփոխել սենյակի լուսավորությունը, ձայներն ու պատկերները: 

Ինտերակտիվ զգայական կառավարման շնորհիվ՝ սենյակը կարող է ստանալ ստորջրյա իրականության, տիեզերքի կամ բնություն տեսք, ապահովել արկածային միջավայր, մեծացնել երեխաների ներգրավվածությունը: 

Նոր եւ այլընտրանքային տեխնոլոգիաների շնորհիվ, որոնցից մեկն էլ աչքի բիբով կառավարվողն է (Tobii eye tracking), հնարավոր կլինի աչքերի միջոցով եւ առանց խոսքի ընտրել եւ կառավարել այս կամ այն սարքը, արտահայտել սեփական ցանկություններն ու զգացումները: Դա բացառիկ հնարավորություն է ձեռքի նուրբ շարժումների եւ կոորդինացիային սահմանափակումներ, հաղորդակցման դժվարություններ ունեցող անձկանց համար։