Armenian Code Academy-ն եւ Technological Education Foundation-ը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ հետազոտություն են անցկացրել՝ հավաքագրելով թարմ տեղեկատվություն մեկ զեկույցում։

Այն ներառում է Հայաստանում գործունեություն ծավալող ՏՏ ընկերությունների, անհատ մասնագետների, ոլորտի էկոհամակարգի եւ կրթական հաստատությունների մասին վերլուծական տվյալներ։

2025 թվականին տեխնոլոգիական ոլորտի շրջանառությունը կազմել է 2.6 միլիարդ դոլար՝ ըստ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տվյալների։ 

Հայաստանում գործում է 1,286 ակտիվ տեխնոլոգիական ընկերություն, իսկ հայկական տեխնոլոգիական ոլորտում աշխատում է 59,060 մասնագետ։

Տեխնոլոգիական ընկերություններ

Ըստ զեկույցի՝ Հայաստանում ակտիվ տեխնոլոգիական ընկերությունների թիվը երբեք այսքան տուրբուլենտ չի եղել։

2025 թվականին մոտ 100 տեխնոլոգիական ընկերություն դադարեցրել է գործունեությունը, սակայն նորաստեղծ կամ կրկին ակտիվացած 167 ընկերություն հակադարձում է այդ միտումը։


Արտադրանքային (product) ընկերությունների մասնաբաժինը վստահ աճ է արձանագրել՝ մեկ տարվա ընթացքում 35%-ից հասնելով գրեթե 39%-ի։ Տեղական եւ գլոբալ ընկերությունների բաշխվածությունը 2024 թվականի համեմատ մնացել է մոտավորապես նույնը։


Տեխնոլոգիական մասնագետներ

Թեեւ տեխնոլոգիական մասնագետների ընդհանուր թիվը բացարձակ արժեքով էականորեն չի փոխվել, աշխատուժի ներքին կառուցվածքը զգալի փոփոխությունների է ենթարկվել։ Նոր պատրաստված մասնագետները (հիմնականում Հայաստանում կրթություն ստացած) աստիճանաբար փոխլրացնում են միգրացիայի նախորդ ալիքները՝ հատկապես այն մասնագետներին, որոնք տեղափոխվել էին երեքից չորս տարի առաջ, ինչպես նաեւ նրանց, որոնք լքել են ոլորտը։ 

Մասնագիտացումների բաշխվածության առումով՝ ինժեներական դերերը շարունակում են գերակշռել էկոհամակարգում եւ նույնիսկ աճել են 2024 թվականի համեմատ։ Սակայն շուկայական պահանջարկը գնալով ավելի է կենտրոնանում Տվյալների (Data) եւ Արտադրանքի (Product) հետ կապված գործառույթների վրա, ինչը վկայում է առաջարկի եւ զարգացող ոլորտային պահանջների միջեւ ձեւավորվող անհամաչափության մասին։

Գենդերային ներկայացվածությունը շարունակում է համահունչ մնալ գլոբալ լավագույն փորձին․ կանայք կազմում են տեխնոլոգիական աշխատուժի շուրջ 40%-ը։ Բացի այդ, ավագ մակարդակի մասնագետների բաշխվածությունը գենդերների միջեւ հուշում է, որ առաջիկա հինգից յոթ տարիներին ոլորտը, հավանաբար, կդառնա ավելի հավասարակշռված, քանի որ կանանց՝ հատկապես սկսնակ մակարդակում, մասնաբաժինը շարունակաբար աճում է։

Լայնորեն քննարկվող մեկ այլ հարց վերաբերում է տեղափոխված ՏՏ մասնագետների պահպանմանը։ Էկոհամակարգի համար առանցքային հարց է՝ արդյոք Հայաստանը կարող է երկարաժամկետ պահպանել վերջին տարիներին երկիր տեղափոխված մասնագետներին։ Զեկույցում նշվում է, որ տեղափոխված մասնագետների մեծ մասը՝ իրենց ընկերությունների հետ միասին, շարունակում է գործունեությունը Հայաստանում, ինչն այս փուլում վկայում է համեմատաբար կայուն պահպանման դինամիկայի մասին։


Տեխնոլոգիական տաղանդների միգրացիա

Ըստ զեկույցի՝ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը լքողների մոտ 70%-ը մասնագետներ են, որոնք սկզբնապես տեղափոխվել են երկիր 2022-2023 թվականներին։ Այլ կերպ ասած, ներկայիս արտագնա հոսքերը հիմնականում պայմանավորված են ժամանակավոր տեղաշարժերով, այլ ոչ թե տեղական մասնագետների արտահոսքով։

Տեղափոխման ուղղությունները տարբերվում են ըստ ազգության։ Հայ մասնագետները, որոնք ընտրում են արտասահման տեղափոխվել, ամենից հաճախ տեղափոխվում են Միացյալ Նահանգներ, Գերմանիա կամ Իսպանիա։ Ի տարբերություն դրա, սլավոնական ծագում ունեցող մասնագետները հակված են տեղափոխվել Ռուսաստան կամ Սերբիա։


Հետազոտությունը կիրառել է բազմաաղբյուր տվյալների համախմբման եւ վավերացման մոտեցում՝ ապահովելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համապարփակ ընդգրկումը։

Զեկույցում հավաքագրվել են մասնագետների եւ ընկերությունների վերաբերյալ հանրային հասանելի տվյալներ՝ պաշտոնական ռեգիստրներից, մասնագիտական սոցիալական ցանցերից, աշխատանքի հայտարարությունների հարթակներից եւ բաց կորպորատիվ հրապարակումներից։ Հանրային աղբյուրները լրացուցիչ ուսումնասիրվել են՝ ոլորտային կարեւոր զարգացումները եւ քաղաքական նախաձեռնությունները համատեքստավորելու նպատակով, սակայն դրանք չեն հանդիսացել հաշվետվության քանակական հիմքը։

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։