Itel.am-ը շարունակում է #ՏեխնոԱմիս շարքը. ամեն անցնող ամսվա ավարտին ՏՏ ոլորտի որեւէ հայ ներկայացուցիչ ամփոփում է ամիսը՝ խոսելով հայաստանյան, միջազգային տեխնո ձեռքբերումների, ինչպես նաեւ սեփական ընկերության հաջողությունների մասին:

Տեխնոլոգիական սեպտեմբերն ամփոփում ենք Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի հետ:

#ՏեխնոՍեպտեմբերը Dasaran-ում

Թեեւ սեպտեմբերը Dasaran-ում իսկապես հագեցած ու հետաքրքիր ամիս էր, սակայն կառանձնացնեմ մեզ համար ամենակարեւոր երկու ձեռքբերում: Մեր թիմի երկարատեւ աշխատանքի շնորհիվ Dasaran-ը մուտք գործեց միջազգային հարթակ՝ առաջինը որպես կրթական արտահանվող մոդել, երկրորդը` որպես լավագույն նորարարական ծրագրերից մեկն աշխարհում:

Նախ, առաջինի մասին՝ Dasaran-ի նկատմամբ աճում է զարգացող երկրների հետաքրքրությունը. նրանք ցանկանում են Dasaran-ի software-ը (դպրոցների կառավարման էլեկտրոնային համակարգը) ներկրել իրենց երկրներ՝ դրանով իսկ արդիականացնելով եւ նորագույն տեխնոլոգիաներով հագեցնելով իրենց կրթական համակարգերը: Ամենավառ օրինակն ունեցանք վերջերս, երբ մեր կրթական կենտրոն այցելեց Սենեգալի ազգային կրթության նախարարության գլխավոր քարտուղար (նախարարի 1-ին տեղակալ) Ուսման Սոուն: Կարծում եմ՝ շատ շուտով Dasaran-ը կդառնա տարբեր երկրների կրթական համակարգերի անբաժան մասը, եւ նրանից կօգտվեն աշխարհի տարբեր երկրներում բնակվող բազմաթիվ աշակերտներ:

photo © Dasaran


Խոսեմ մյուս հաջողությունից: Սեպտեմբերի 14-ին Dasaran կրթական ծրագիրը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագրի (UNDP) եւ Impact Hub-ի նախաձեռնած Accelerate2030 միջազգային մրցույթում ճանաչվեց լավագույն 5 նորարարական ծրագրերից մեկն աշխարհում, եւ ընդամենը մի քանի օրից Հայաստանը կներկայացնենք Ժնեւում կայանալիք Սոցիալական նպատակների գագաթնաժողովին:

Ըստ էության, այս ամենը կարելի է համարել նաեւ մեր երկրի ձեռքբերումը, որով Հայաստանն աշխարհին առավել ճանաչելի է դառնում ոչ այնքան որպես ցեղասպանված ժողովրդի հայրենիք, որքան նորարարական տեխնոլոգիական լուծումներ առաջարկող եւ ժամանակակից կրթական մոդելներ ստեղծող ու արտահանող երկիր:

#ՏեխնոՍեպտեմբերը Հայաստանում
 
Չնայած այս տարի հոկտեմբերն է առավել ակտիվ տեխնոլոգիական ամիս Հայաստանում, սակայն սեպտեմբերն էլ պակաս հագեցած չէ տեխնոլոգիական իրադարձություններով:

Սեպտեմբերի 30-ին մեկնարկեց «ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը: Կարծում եմ` պատահական չէ ընտրված կարգախոսը՝ «Տոն տեխնոլոգիական հայության համար». սա, իրոք, տոն է տեխնոընկերությունների համար, որոնք հնարավորություն ունեն ցուցադրելու հանրությանն իրենց ընկերությունը եւ նորամուծությունները: Մյուս կողմից՝ սա հրաշալի առիթ է հայ տեխնոհասարակության համար՝ ծանոթանալու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման իրական պատկերին, ձեռքբերումներին ու հեռանկարներին:

#ՏեխնոՍեպտեմբերն աշխարհում

Գիտեք, հետաքրքիր մի միտում եմ նկատել սեպտեմբերյան տեխնոլոգիական ոլորտում. գրեթե բոլոր նորամուծություններն այս կամ այն կերպ առնչվում են արհեստական ինտելեկտին:

Բերեմ մեկ օրինակ աշխարհի մակարդակով՝ Amazon.com-ը, Facebook-ը, Google-ը, IBM-ը եւ Microsoft-ը միավորում են իրենց ջանքերը արհեստական ինտելեկտի հիման վրա աշխատող տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ընդլայնելու նպատակով:



Այս կապակցությամբ հիշեցի Նոբելյան մրցանակակիր Կատո Լորենցինին, որի ելույթն անձամբ հնարավորություն ունեցա ունկնդրել այս տարվա մայիսին անցկացված Intel ISEF մրցույթի եզրափակիչ արարողությանը: Ինչպես նա նշեց, 40 տարի հետո վարորդների կարիք այլեւս չի լինի, քանզի նրանց կփոխարինեն արհեստական ինտելեկտով աշխատող ինքնավար մեքենաները:

Սուրեն Ալոյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը