2016թ. հոկտեմբերի 6-10-ը Հայաստանը ներկայացնող 10 ստարտափներ մասնակցել են StartupIstanbul տարածաշրջանային ֆորումին:
Itel.am-ը միջոցառման շրջանակում զրուցել է Startup Istanbul-ի կազմակերպիչ, թուրքական աքսելերատոր եւ ներդրումային Etohum կազմակերպության հիմնադիր Բուրակ Բույուկդեմիրի եւ թուրքական MEF համալսարանի փոխտնօրեն Էրհան Էրկութի հետ:
Բուրակ Բույուկդեմիրն Itel.am-ի հետ զրույցում պատմել է, որ տպավորված է միջոցառմանը մասնակից հայկական ստարտափներով:
«Այս տարի մի շարք հայկական ստարտափների տեսանք բեմում: Կարեւոր է, որ մրցույթի թոփ 15-ում հայկական ստարտափ է ընդգրկվել: Սա ոգեւորիչ կարող է լինել մյուսների համար: Ստամբուլը մոտ է Երեւանին՝ երկու ժամվա ճանապարհ է: Հայկական Skycryptor-ը եզրափակչում է, եւ ունի բոլոր շանսերը՝ Սան Ֆրանցիսկո գնալու: Կարծում եմ՝ պետք է ավելի շատ համագործակցել. սա մեկ օրվա աշխատանք չէ»,- նշել է Բուրակ Բույուկդեմիրը:
Բուրակ Բույուկդեմիրը
photo © StartupIstanbul
Նա պատմել է, որ Startup Istanbul ֆորումի կազմակերպման միտքը ծագել է Startup Turkey միջոցառման անցկացման ժամանակ:
«Հասկացանք, որ տարածաշրջանի երկրների համար խնդիրները շատ են եւ նույնը՝ ֆինանսական աղբյուրներին հասանելիության պակաս, սահմանափակ մենթորություն եւ այլն: Որոշեցինք լուծել այս խնդիրը՝ կազմակերպելով Startup Istanbul մրցույթը: Հրավիրել ենք ներդրողներ եւ մենթորներ ԱՄՆ-ից եւ այլ երկրներից: Սա դարձել է մի հարթակ, որտեղ ներդրողները եւ ստարտափները հանդիպում են միմյանց: Սա քաղաքականություն չէ, այլ տնտեսություն՝ հնարավորություն ստարտափների համար: Ստամբուլը կարող է կամուրջ լինել ձեռներեցների համար՝ ներդրողներին հանդիպելու ճանապարհին»,- եզրափակել է Startup Istanbul-ի կազմակերպիչը:
Էրհան Էրկութը թուրքական MEF համալսարանի փոխտնօրենն է եւ համարվում է Թուրքիայի ձեռներեցական էկոհամակարգի ամենաաազդեցիկ դեմքերից մեկը:
«Սա առաջին տարին է, երբ հայերը եկել են 20-հոգանոց խմբով, եւ ես ուրախ եմ տեսնել, որ հայկական ստարտափներից մեկը հասել է եզրափակիչ: Ես եղել եմ Հայաստանում՝ Հանրային լրագրության ակումբի (Հայաստան) եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա) կազմակերպած այցի շրջանակում: Կարծում եմ՝ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է համագործակցեն, քանի որ յուրաքանչյուրն արժանի է ավելի լավ կյանքով ապրել, եւ դրան հասնելու լավագույն ճանապարհը համագործակցությունն է»,- ասել է նա:
Էրհան Էրկութը պատմել է, որ Հայաստանում ինքը տեսել է այդ համագործակցության հնարավորությունները:
«Հայաստան կատարած այցիս ընթացքում մասնակցում էի Գյումրիում կայացած հաքաթոնին: Իսկապես տպավորված էի՝ փոքր քաղաք էր, ու սկզբում կարծում էի, որ առավելագույնը 20 մասնակից կլինի, սակայն նրանց թիվը գերազանցեց 100-ը: Երբ մենք Թուրքիայում հաքաթոն ենք կազմակերպում, դժվարանում ենք գտնել 100 ուսանող: Գյումրիի հաքաթոնի մասնակիցները, ի դեպ, նաեւ հիանալի անգլերեն էին խոսում, եւ ես հասկացա, որ նրանք արդեն իսկ լուծել են մեծ խնդիր՝ լեզվական հաղորդակցման խնդիրը: Քանի որ եթե ցանկանում եք լինել ստարտափ բիզնեսում, պետք է խոսեք անգլերեն: Հայաստանի ավագ դպրոցի աշակերտներն արդեն հասել են դրան: Դա ցույց է տալիս, որ կրթական ծրագրերը Հայաստանում շատ լավն են»,- նշել է նա:
Էրհան Էրկութը
photo © Հանրային լրագրության ակումբ
Էրհան Էրկութին հատկապես տպավորել է «Թումո» կենտրոնը:
««Թումո» կենտրոնն արդեն նորարարություն է: Իմ երազանքն է մի օր Ստամբուլում նմանատիպ կենտրոն հիմնադրել: Սա բացառիկ ներդրում է երկրում, մենք տեսանք երեխաներ, որոնցից մեկն անգլերեն էր սովորում, մյուսը խաղ էր նախագծում: Սա մի նախագիծ է, որը ոչ թե դրսից է բերվել, այլ զարգացել է հենց Հայաստանում: Վերջինս կարող է նույնիսկ ««Թումո»-ն արտահանել»: Ես փորձում եմ թուրք ներդրողներին եւ կառավարությանը համոզել մեզ մոտ նման կենտրոն հիմնադրել եւ կոչել այն Ստամբուլի ինովացիոն կենտրոն, որտեղ ուսանողները կկարողանան սկսել ավագ դպրոցից՝ նախնական գիտելիքներով, հետագայում զարգանալ եւ ստեղծել սեփական ստարտափը»,- նշել է Էրհան Էրկութը:
Էրհան Էրկութն ընդգծել է, որ Թուրքիան ունի տեղական մեծ շուկա, որը կարող է պահանջված լինել հայկական ստարտափների համար: Նրա կարծիքով՝ հայ եւ թուրք ձեռներեցների համագործակցությունը կարող է նպաստել նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատմամը:
2016թ. հոկտեմբերի 6-10-ը Հայաստանը ներկայացնող 10 ստարտափների ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել մասնակցելու StartupIstanbul տարածաշրջանային ֆորումին՝ Հանրային լրագրության ակումբի (Հայաստան) եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով:«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի եւ Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը` Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ:«Ձեռներեցների փոխայցելություն» նախագիծը նպատակ ունի համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի եւ Թուրքիայի տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռներեցների, ծրագրավորողների, դիզայներների, վաճառքի մասնագետների, արտադրողների եւ ստարտափների միջեւ: