Անցած շաբաթ Երեւանում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, անցկացվեց HIVE ներդրումային հիմնադրամի կազմակերպած Silicon Valley UNLEASHED: Inside Tech’s Greatest Minds միջոցառումը:
Itel.am-ը զրուցել է միջոցառմանը մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Փոլ Ասոյանի հետ, որը Google-ի Strategic Partnerships թիմից է:
-Լինելով «Սիլիկոնյան հովտի դեմք»՝ ի՞նչ կարող եք հուշել այն հայկական ստարտափներին, որոնք հենց Սիլիկոնյան հովտում են տեսնում իրենց ապագան:
-Խորհուրդ կտամ պրոդուկտ մշակելիս կենտրոնանալ հետեւյալ 3 ուղղությունների վրա` big data, մեքենայական ուսուցում եւ արհեստական բանականություն: Հիմա սրանք են թրենդում: Ես համոզված եմ, որ արհեստական բանականությունը եւ մեքենայական ուսուցումը մեր բացարձակ ապագան են: Սակայն, եթե, այնուամենայնիվ ընկերություններն այս ճյուղերով հետաքրքրված չեն, պետք է գոնե այդ ուղղությունների դետալները ներառեն սեփական պրոդուկտների մշակման գործընթացում:
Փոլ Ասոյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը
photo © Մեդիամաքս
Կարծում եմ` Հայաստանն ունի տաղանդի հսկայական պաշար, երբ խոսքը վերաբերում է հատկապես հիմնարար գիտություններին: Խորհուրդ չէի տա կենտրոնանալ մոբայլ հավելվածների պատրաստման, QA-ի, front-end ծրագրավորման, աութսորսինգի վրա: Պետք է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչից Հայաստանն ավանդաբար է ուժեղ եղել՝ հիմնարար գիտություններ եւ վիճակագրություն:
-Սեփական պրոդուկտ մշակելը, իհարկե, գրավիչ է, սակայն ոչ բոլորն են դրան ձգտում: Ո՞րը կլինի Ձեր խորհուրդը նրանց, որոնք ցանկանում են աշխատել կորպորացիաներում, օրինակ, Google-ում: -Նախ ասեմ, որ պարզապես հիանում եմ այն մարդկանցով, որոնք Հայաստանում ընտրում են սեփական ստարտափը եւ պրոդուկտը մշակելու ճանապարհը: Սա ամենախիզախ բանն է, որ կարելի է անել: Ես կհորդորեի երիտասարդներին իրենց լավագույն տարիները ծախսել ոչ թե կորպորացիաներում աշխատելու, այլ սեփական բիզնեսը հիմնելու փորձերի վրա: Երբ երիտասարդ ես, ունես բավական ժամանակ, եւ հետո մեծանալով կարող ես այդ տարիների փորձը կիրառել կորպորացիաներում աշխատելիս:
Սակայն Google-ում աշխատելու համար, կան բաներ, որոնք պարտադիր են: Խոսքը հիանալի կրթության մասին է. մենք երբեմն մերժում ենք բարձրակարգ Java developer-ների, քանի որ մենք ոչ թե Java developer-ների կարիք ունենք, այլ մասնագետների՝ հիմնարար համակարգչային գիտելիքներով: Այնպես որ, խորհուրդ կտայի կենտրոնանալ data structures-ի, ալգորիթմների վրա:
Բացի այդ, բոլոր նրանք, որոնք աշխատում են Google-ում, ունեն «ձեռներեցական կայծ», քանի որ շատ նախագծեր միայնակ պետք է անել:
- Սա Ձեր երկրորդ այցն է Հայաստան: Ինչպիսի՞ն են տպավորությունները: - Առաջին անգամ Հայաստան 6 տարեկանում եմ այցելել, դեռ ԽՍՀՄ տարիներն էին:
Այս անգամ մինչ գալս ընդհանրապես ոչինչ չգիտեի հայկական ՏՏ-ի մասին: Զրո ինֆորմացիա: HIVE-ից ինձ ուղարկեցին տեղեկատվություն այն ստարտափներին մասին, որտեղ հիմնադրամը ներդրում էր կատարել, եւ այդպես որոշակի պատկերացում կազմեցի:
Այս ճանապարհորդությունն ինձ համար, կարելի է ասել, բեկումնային էր: Ես Սփյուռքում եմ մեծացել՝ Մոսկվայում անցկացրել եմ վաղ տարիներս, եւ շատ հայերի հետ չեմ շփվել: Ապա տեղափոխվեցի ԱՄՆ: Անկեղծ ասած՝ երբեք չեմ զգացել ինձ կապված հայ ազգի հետ: Մինչեւ այստեղ գալս էլ մի տեսակ անտարբեր էի: Բայց այստեղ անցկացրած այս 2-3 օրերը, նույնիսկ դժվարանում եմ բացատրել, թե որքան են փոխել իմ կարծիքը: Հիացած եմ, եւ չեք պատկերացնի, թե արդեն որքան կապված եմ ինձ զգում Հայաստանի հետ: Այնպես որ կշարունակեմ անել բաներ, որոնք օգտակար են Հայաստանի համար:
Հույս ունեմ, որ, օրինակ, «Թումո»-ի նման նախաձեռնություններ էլի կլինեն: Եվս մեկ ցանկություն՝ պետք է գտնել ճանապարհներ, որ յուրաքանչյուր հայ երեխա լավ անգլերեն իմանա:
Գիտեմ, որ Հայաստանն ունի մեծ ներուժ, ինչը կարող է օգտակար լինել աշխարհի համար: Ես սիրում եմ Հայաստանը, ես հայ եմ եւ ինձ հայ եմ զգում:
Փոլ Ասոյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը