10:07 | 15.02.17 | Հարցազրույցներ | exclusive 63530
Փետրվարի 9-10-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է TechChill տեխնոլոգիական միջոցառումը, որը 26 երկրից հյուրընկալել է 1000-ից ավելի ներդրողների, ստարտափների հիմնադիրների, ձեռներեցների եւ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների:
Ֆիլ Գիխարոն աշխարհում ամենահայտնի ստարտափ աքսելերատորներից մեկի՝ Techstars-ի, ինչպես նաեւ Startupbootcamp աքսելերատորների գլոբալ ցանցի մենթորներից է: Ավելի քան 10 տարի է, մենթորն աշխատում է Բեռլինում եւ աջակցում հաջողակ ստարտափներին՝ բազմազգ վաճառքի թիմեր ձեռք բերելու եւ վաճառքի պրոցեսը հավուր պատշաճի իրականացնելու հարցում:
Itel.am-ի թղթակիցը ներկա է եղել TechChill-ին եւ զրուցել Ֆիլ Գիխարոյի հետ:
- Որքանո՞վ եք ծանոթ հայկական ստարտափ էկոհամակարգին:
- Դժբախտաբար, բացարձակ ծանոթ չեմ հայկական ՏՏ էկոհամակարգին: Ներկայում, որքանով որ տեղյակ եմ, Techstars-ում հայկական ստարտափներ ներառված չեն, սակայն համոզված եմ, որ անցյալում եղել են, եւ անշուշտ կլինեն նաեւ ապագայում: Ես՝ որպես մենթոր, աշխատել եմ 10-ից ավելի երկրում եւ հետաքրքրված եմ Հայաստան այցով:
- Ի՞նչ պետք է հաշվի առնեն ստարտափները Techstars-ին կամ այլ աքսելերացիոն ծրագրերին դիմելիս:
- Ընդհանուր առմամբ, աքսելերատորների համար որոշում կայացնելը շատ բարդ է, քանի որ նրանք պետք է ընտրեն միայն 8-10 ստարտափի: Խոսելով ոչ թե Techstars-ի, այլ իմ անունից՝ կարող եմ ասել, որ դիմելիս պետք է պատրաստ լինել նրան, որ մրցելու են հարյուրավոր ստարտափների հետ, եւ արդյունքում միայն մի քանիսն են ընտրվելու: Ընտրությունը շատ բարդ է, բազմաթիվ հիանալի ստարտափներ, տեղերի սահմանափակ լինելու պատճառով, չեն ընտրվում, եւ եթե դուք չընտրված ստարտափների թվում եք, շարունակե՛ք դիմել տարբեր ծրագրերի: