14:18 | 04.07.17 | Հարցազրույցներ | exclusive 188556
Անցած շաբաթ էստոնական Startup Wise Guys աքսելերատորը, Փարիզում տեղակայված Startdoon նախաձեռնությունը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝ smartgate.vc-ի եւ Inapptics-ի աջակցությամբ, կազմակերպել էին ներդրումային եւ մենթորային օր:
Դրա շրջանակում հայ եւ արտասահմանցի մենթորները Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում անհատական հանդիպումների ձեւաչափով (office hours) մեկ օր շարունակ աշխատել են ընտրված B2B եւ B2C լուծումներ մշակող 13 ստարտափների հետ:
Արդյունքում OnQuark ստարտափը հնարավորություն է ստացել մասնակցելու 2018թ. փետրվարին Ռիգայում կայանալիք Techchill տեխնոլոգիական միջոցառմանը, իսկ LiveBoard-ը կմասնակցի Startup Wise Guys աքսելերացիոն ծրագրի ընտրական գործընթացին՝ Լատվիայում:
Itel.am-ը զրուցել է Երեւան ժամանած՝ Startup Wise Guys-ի ներկայացուցիչներ Ուոլես Գրինի եւ Էգիտա Պոլանսկայի հետ:
- Որքանո՞վ Inapptics-ի հաջողությունը նպաստեց ձեր՝ Հայաստան գալու որոշմանը, եւ ի՞նչ ակնկալիքներով եք այստեղ:
Էգիտա Պոլանսկա - Inapptics-ն առաջին հայաստանյան ստարտափն էր, որը մասնակցեց մեր աքսելերացիոն ծրագրին: Ստարտափի հիմնադիրների հետ զրույցից հասկացանք, որ անպայման պետք է այցելենք Հայաստան եւ ծանոթանանք ներքին էկոհամակարգին: Այդ ժամանակահատվածում ծանոթացանք նաեւ StartDoon նախաձեռնության ներկայացուցիչների հետ եւ իմանալով նրանց՝ Հայաստան այցելելու մտադրության մասին, որոշեցինք համատեղ կազմակերպել այս միջոցառումը:
3 օր տեւողությամբ այցի առաջնային նպատակն էր գտնել պոտենցիալ ստարտափներ՝ մեր աքսելերացիոն ծրագրի հաջորդ ռաունդի համար: Կարող եմ ասել, որ շատ տպավորված եմ ստարտափների տաղանդով եւ որակով:
Այցելեցինք նաեւ մի շարք ՏՏ ընկերություններ եւ կենտրոններ, օրինակ Zangi, PicsArt, Workfront, Impact Hub, «Թումո»:
Սա մեր առաջին այցն է եւ փորձում ենք հասկանալ տեղական ՏՏ էկոհամակարգի առանձնահատկությունները, ճանաչել հիմնական խաղացողներին, պարզել, թե որքանով են նրանք հետաքրքրված մեզանով: Սա թույլ կտա հասկանալ՝ արդյոք կա՞ կարիք, որ մենք վերադառնանք Հայաստան հետագա համագործակցության համար:
Կարող եմ ասել, որ ամենայն հավանականությամբ, մենք կվերադառնանք արդեն հունվարին՝ աքսելերացիոն նոր ռաունդի համար ստարտափներ որոնելու նպատակով:
Ուոլես Գրին - Startup Wise Guys-ն ունի բալթյան պատմություն: Տարիների ընթացքում ստարտափները սկսել են գալ ավելի ու ավելի շատ երկրներից: Մեր վերջին աքսելերացիոն ռաունդին մասնակցում էր 11 ստարտափ՝ 8 երկրից:
Մենք անընդհատ որոնում ենք Եվրոպայի լավագույն B2B ստարտափներին: Inapptics-ի գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանը շատ էր պատմել մեզ Հայաստանի մասին, եւ որոշեցինք 22 քաղաք ընդգրկող տուրի շրջանակում այցելել նաեւ Հայաստան:
Եթե կարողանանք մեր հաջորդ աքսելերացիոն ռաունդում ներկայացված ունենալ եւս մեկ հայաստանյան ստարտափ, ապա միանշանակ կվերադառնանք:
- Մեկ օր շարունակ Երեւանում աշխատեցիք հայաստանյան մեկ տասնյակից ավելի ստարտափների հետ, ինչպես նաեւ ներկա գտնվեցիք փիչինգին: Ինչո՞վ է հայաստանյան ստարտափ էկոհամակարգը տարբերվում:
Ուոլես Գրին - Անկեղծ կլինեմ՝ մենք շատ երկրներում ենք ներկա գտնվել ստարտափ փիչինգի: Այդ շուկաներից յուրաքանչյուրն ունեցել է սեփական առանձնահատկությունը:
Հայաստանում տեսնում ենք պարզ եւ միաժամանակ ուժեղ էկոհամակարգ. դա խողովակ է, որտեղից դուրս են գալիս հզոր ընկերություններ, բավական բարձր է տեխնոլոգիական որակը, երեւում է, որ շատ հզոր են համալսարանները: Մի փոքր կաղում են բիզնես եւ փիչինգ հմտությունները: Մեզ համար սա լավ հնարավորություն է ՝ օգնելու մեր ծրագրին մասնակցող ստարտափներին՝ բիզնեսի վարման եւ փիչինգին վերաբերող խորհրդատվությամբ:
Էգիտա Պոլանսկա - Այլ երկրների համեմատ՝ Հայաստանն ունի հզոր տեխնոլոգիական տաղանդ՝ արհեստական բանականության հիմունքները, մաթեմատիկան, ֆիզիկան բավական հզոր են այստեղ:
Որոշակի աշխատանք է հարկավոր փիչինգի, մարքեթինգի, վաճառքների ոլորտներում: Ընդհանուր առմամբ, պետք է զարգացնել ներդրումային հատվածը, բիզնես հրեշտակների ցանցերը: Չնայած պետք է նշել, որ տեսնում ենք մարդկանց, որոնք արդեն զբաղվում են դրանով:
Ուզում եմ նշել, որ մենք չենք ցանկանում Հայաստան այցելել միայն մեր ծրագրի համար ստարտափներ ընտրելու նպատակով: Նաեւ ցանկանում ենք ծանոթանալ ոլորտի խաղացողների հետ, գտնել գործընկերներ եւ հնարավորության դեպքում աջակցել տեղական էկոհամակարգին:
- Հայաստանյան LiveBoard ստարտափին հնարավորություն ընձեռվեց հեշտացված կարգով մասնակցել Startup Wise Guys աքսելերացիոն ծրագրի ընտրական գործընթացին: Ինչո՞վ էր պայմանավորված ընտրությունը, եւ ո՞ր գործոններն ազդեցին այդ ընտրության վրա:
Ուոլես Գրին – Մենք միշտ ընտրում ենք ստարտափներին՝ հիմնվելով 3 բաղադրիչի վրա՝ յուրահատուկ եւ տարբերվող գաղափար, շուկան ընդլայնելու հնարավորություն եւ որ ամենակարեւորն է, ուշադրություն ենք դարձնում թիմին: Իրականում վաղ շրջանում ներդրումները հենց թիմում են կատարվում:
LiveBoard-ը մեզ գրավեց, քանի որ նրանում տեսանք թվային համագործակցության յուրահատուկ եւ տարբերվող գաղափար՝ այն իրենցից ներկայացնում է, այսպես ասած, Skype եւ գրատախտակ: Մեզ գրավեց նաեւ թիմը, որը շատ բաց է խորհուրդների նկատմամբ:
Ի դեպ, մեզ համար հետաքրքիր գործոն է հայաստանյան ՏՏ-ի եւ Սփյուռքի միասնական գործոնը: Հայերը ներկա են ամենաակտիվ ստարտափ շուկաներում՝ դարձնելով Հայաստանը փոքր երկիր՝ մեծ տեխնոլոգիաներով:
Հայաստանը մեզ համար հեռանկարային շուկա է: Հետաքրքիր է՝ մեր աքսելերացիոն մոդելը, դրան գումարած ԱՄՆ-ի Սփյուռքը, կարո՞ղ են դառնալ կամուրջ, որ հայաստանյան ստարտափները գնան ոչ միայն Եվրոպա, այլեւ ԱՄՆ:
Ուոլես Գրինի եւ Էգիտա Պոլանսկայի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը