SoloLearn ընկերության հրավերով եւ «ԱրմԹեք 2017» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Երեւանում է TechCrunch Europe առաջատար տեխնոլոգիական հարթակի գլխավոր խմբագիր Մայք Բատչերը:

Itel.am-ը զրուցել է Մայք Բատչերի հետ:

- Փետրվարին Ռիգայի TechChill կոնֆերանսի ընթացքում մեզ ասացիք, որ կցանկանայիք Հայաստան այցելել: Ինչպե՞ս այցը դարձավ հնարավոր:

-Լսել էի «ԱրմԹեք»-ի մասին, հարմարեցրի գրաֆիկիս եւ որոշեցի գալ ու տեղում տեսնել, թե ինչ է կատարվում ոլորտում: Անկեղծ ասած, գրեթե ոչինչ չգիտեի հայկական ՏՏ-ի մասին: Բայց, քանի որ գոյություն ունի շատ մեծ Սփյուռք, առիթ եմ ունեցել այս ընթացքում հանդիպել հայ ձեռներեցների: Հայկական ստարտափներից մեկի մասին գրել էինք TechCrunch-ում: Այն նաեւ մասնակցեց TechCrunch Disrupt-ին, ինչպես նաեւ The Europas Awards-ի շրջանակում կազմակերպված ծրագրին: Հենց նրանք էլ ինձ պատմեցին տեղի ունեցող զարգացումների մասին:

- Այսօր խոսում էիք արհեստական բանականության զարգացումների մասին: Ի՞նչ գլոբալ թրենդներ կառանձնացնեիք:

- Բոլոր մեծ ընկերություններն այսօր արհեստական բանականության լուծումներով պրոդուկտներ են մշակում: Այն կտրուկ մուտք է գործում շատ ոլորտներ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաներ, իրերի ինտերնետ (IoT) եւ այլն:

Կարելի է ասել, որ TechCrunch-ին ներկայացող ստարտափների մեծ մասն ունի արհեստական բանականության լուծում պարունակող պրոդուկտ: Սա փաստում է, որ արհեստական բանականությունն ապագայում ցանկացած տեխնոլոգիական ընկերության մաս է դառնալու:

- Այսօր, ամենայն հավանականությամբ, հասցրել եք բազմաթիվ հայաստանյան ստարտափների հետ զրուցել, որոնք ցանկություն ունեն TechCrunch-ում հայտնվել: Ո՞րն է TechCrunch-ին ներկայանալու լավագույն ձեւը:

- Լավագույն բանը, որ կարելի է անել, pitching-ը պարզ վիճակում ներկայացնելն է: Համոզվե՛ք, որ թիրախավորում եք ճիշտ լրագրողին: Մի՛ ներկայացեք այն լրագրողի մոտ, որը քիչ հավանական է, որ կգրի այն ուղղության մասին, որտեղ դուք պրոդուկտ ունեք: Հարցրեք լրագրողին՝ արդյոք ունի՞ հավելյալ ինֆորմացիայի կարիք, եւ երբ դրական պատասխան ստանաք, ուղարկե՛ք լրագրողին հենց այն ինֆորմացիան, որը պահանջվում է՝ առանց ավելորդ մանրամասների:

Մամուլի երկար հաղորդագրությունները եւ էլեկտրոնային սառը նամակները լավ չեն աշխատում:

Կարեւոր է, որ չհայտնվեք օդից, տեղեկացվա՛ծ եղեք ոլորտի նորություններից եւ համոզվե՛ք, որ այն, ինչ ասում եք լրագրողին, արդիական է: Եթե ձեր ստարտափը ինչ-որ նեղ մասնագիտական ուղղության պրոդուկտ ունի, եւ այդ օրերին օրինակ, Apple-ը գնել է նման պրոդուկտ արտադրող ընկերություն, ապա կարծում եմ, դա լավ ժամանակ է լրագրողի հետ սկսել խոսել այն մասին, թե ձեր ընկերությունն ինչ է անում:

Մայք Բատչերի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը