Մայիսի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երկրորդ շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում 12 ստարտափ է ներկայացել:

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի երկրորդ շրջանավարտներին:

Quest Tour ստարտափի գործունեության հիմքում պատմամշակութային վայրերում գանձերի քվեսթերի կազմակերպումն է եւ խաղի միջոցով մարդկանց տվյալ վայրի պատմությունը բացահայտելուն օգնելը:

Հիմնադիրներն են Մարիամ Ռուստամյանը, Հայկանուշ Աբելյանը եւ Սարգիս Ազարյանը: Թիմում կան նաեւ ուսանողներ, որոնցից խաղավարներ են պատրաստում:

Quest Tour-ի թիմը ներկայում աշխատում է մոբայլ հավելվածի ստեղծման ուղղությամբ: Խոսելով առանձնահատկությունների մասին՝ ստարտափում նշել են, որ աշխարհում շատ քիչ տուրեր կան, որոնք խաղային մոդելում են իրականացվում:

«Հայաստանում դրանք ընդհանրապես բացակայում են: Համակարգը պատրաստելու ենք այնպես, որ ցանկացած անձ կարողանա մուտք գործել, ավելացնել կոնտենտ ու մի քանի քայլով կարողանա քվեսթ ստեղծել»,- նշել են Quest Tour-ում:

photo © Armenia Startup Academy

Ստարտափի թիրախում 17-25 տարեկան տեղացի երիտասարդներն են, ինչպես նաեւ զբոսաշրջիկները:

Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին դիմել պատրաստվող ստարտափներին Quest Tour-ում խորհուրդ են տվել ծրագրից առավելագույնը քաղել:

Առաջիկա մեկ տարում ստարտափը նախատեսում է ամբողջական տեսքի հասցնել հավելվածի նախատիպը եւ փորձարկել այն շուկայում: Թիմը հետաքրքրված է Իսպանիայում աքսելերացիոն ծրագրերով, ինչը նրանց խոսքով, թույլ կտա ավելի լավ պատկերացնել միջազգային շուկան:

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։

Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

Նարինե Դանեղյան