Ucom-ը հայտարարել է Երեւանում 5G ցանցի գործարկման մասին, ինչը կարեւոր քայլ է ընկերության թվային փոխակերպման ճանապարհին։ 

Այս ընդլայնման շնորհիվ Ucom-ը դարձել է ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորը Հայաստանում։ Ucom-ի 5G ծածկույթն այս պահին գործում է Երեւանում եւ 35 քաղաքում, 19 բնակավայրում, ինչպես նաեւ Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երեւան-Դիլիջան ճանապարհի երկայնքով, Բագրատաշեն, Բավրա եւ Ագարակ սահմանային անցակետերում։ 

Ucom-ի 5G ցանցը նախագծվել եւ կառուցվում է Nokia-ի հետ համագործակցությամբ՝ օգտագործելով վերջինիս առաջադեմ տեխնոլոգիաները՝ ապահովելու աննախադեպ արագություն։  

Այս գործարկումը բաժանորդներին կտրամադրի ավելի արագ ինտերնետ կապ՝ անհատների եւ կազմակերպությունների աճող կարիքները բավարարելու համար։ Այս ենթակառուցվածքը նոր հնարավորություններ է ստեղծում որակյալ վիդեոզանգերի, իրական ժամանակում տվյալների փոխանակման եւ նոր սերնդի խելացի տեխնոլոգիաների օգտագործման համար։ 

Երեւանում եւ մարզային քաղաքներում 5G ցանցի գործարկման արդյունքում Հայաստանի բնակչության շուրջ 65 տոկոսը հնարավորություն կունենա վայելել այդ վերափոխված տեխնոլոգիայով տրամադրվող արագ շարժական ինտերնետ կապը։ 

«5G ցանցի գործարկումը ռազմավարական ներդրում է մեր երկրի ապագայի համար։ Բացի ավելի արագ ինտերնետ տրամադրելուց, այս ցանցը հիմք է դառնում Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար․ ապահով կապի շնորհիվ մարզային համայնքները հզորացնելուց մինչեւ արդյունաբերական նորարարությունների եւ խելացի ենթակառուցվածքների հնարավորություններ ստեղծելով։ 

Ucom-ում մենք դիտարկում ենք տեխնոլոգիաները որպես ազգային առաջընթացի հիմք, եւ այս ձեռքբերումը մեզ մոտեցնում է ավելի ուժեղ, մրցունակ եւ որակյալ կապ ունեցող Հայաստան ստեղծելուն։ Շնորհակալ ենք Nokia-ի մեր գործընկերներին իրենց փորձագիտական աջակցության եւ տեսլականը կիսելու համար, ինչի շնորհիվ մենք կարող ենք Հայաստանում միջազգային մակարդակի կապ տրամադրել։ Օգտվելով այս հնարավորությունից` ուզում եմ շնորհակալություն հայտնել Ucom-ի ամբողջ անձնակազմին՝ մեր ռազմավարությանը հավատալու, ամենօրյա աշխատանքի եւ մեր բաժանորդներին նվիրվածության համար»,- ասել է Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

«5G ցանցի գործարկումը Երեւանում վկայությունն է մեր նվիրվածության՝ նորարարությունների ներդրմանը եւ ամբողջ Հայաստանում բաժանորդներին աննախադեպ թվային փորձառություն տրամադրելուն։ Մեր ընդլայնված ցանցը այժմ ընդգրկում է Հայաստանի 35 քաղաք եւ մայրաքաղաք. մենք հպարտ ենք լինելու երկրի առաջատարը՝ ամենալայն 5G ենթակառուցվածքով։ Այս ձեռքբերումը արտացոլում է մեր նվիրվածությունը՝ համայնքների զարգացմանը եւ հնարավորինս որակյալ ծառայությունների մատուցմանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Նոր 5G ցանցը, որի մաս է կազմում Nokia-ի վերջին AirScale ռադիո մուտքի սարքավորումը, 5G Core եւ IMS Voice Core-ը, ինչպես նաեւ IP երթուղավորման լուծումները, հասանելի է Ucom-ի կանխավճարային եւ հետվճարային շարժական հեռախոսակապի բոլոր բաժանորդների համար (բացառությամբ միայն շարժական ինտերնետի սակագնային պլանների), որոնք օգտագործում են 5G-ի հետ համատեղելի սմարթֆոն (բոլոր iOS, եւ մի շարք Android, մանրամասները՝ Ucom կայքում): 

«5G ծածկույթի այս հաջողված ընդլայնումը Nokia-ի եւ Ucom-ի շարունակվող գործընկերության նորագույն հիշարժան քայլն է: Հիմնվելով մեր մեծ փորձի եւ ոլորտում առաջատար տեխնոլոգիաների վրա՝ մենք կառուցել ենք հզոր, գերարագ արձագանքող եւ արդյունավետ 5G ցանց, որն օգնում է Ucom-ին ապահովել բացառիկ փորձառություն իր բաժանորդների համար: Այն կաջակցի բիզնեսներին իրենց թվայնացման ճանապարհին եւ անհատներին գերարագ կապ կտրամադրի: Մենք ակնկալում ենք հետագայում էլ ավելի ընդլայնել մեր համագործակցությունը Ucom-ի հետ», - ասել է Nokia-ի ավագ փոխնախագահ եւ Եվրոպայի բջջային ցանցերի ուղղության ղեկավար Ռոլֆ Վերները։ 

5G ցանցի գործարկման առիթով ընկերությունը կազմակերպել էր նոր սերնդի մեծ ֆեսթ՝ 5000 այցելուի մասնակցությամբ։ Միջոցառումը սկսվել է Ucom-ի եւ Nokia-ի ղեկավարների պաշտոնական ողջույնի խոսքով, որին հաջորդել են 12 Project-ի, Leah-ի, Parg-ի եւ Ներսես Ավետիսյանի ելույթները։ Միջոցառման աստղը Brunette-ն էր, որը ներկայացրել է իր նոր «Try» երգը: 

Ucom-ի ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվում է։ Նոր արդյունքների մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացնում է հանրությանը։ Ֆիքսված եւ շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաեւ 5G ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։