17:48 | 01.07.25 | Հոդվածներ | exclusive 749

Հայկական ՏՏ էկոհամակարգը՝ GITEX-ի համաշխարհային հարթակներում

GITEX-ը (Gulf Information Technology Exhibition) համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական էքսպո է, որը երկար տարիներ անցկացվել է Դուբայում, իսկ վերջին շրջանում տարածվել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Սինգապուրում, Գերմանիայում, Մարոկկոյում եւ Նիգերիայում։

Այս հարթակն իր շուրջն է համախմբում նորարարական էկոհամակարգի հիմնական խաղացողներին՝ հնարավորություն տալով բիզնեսներին, ստարտափներին, ներդրողներին, պետական կառույցներին եւ միջազգային գործընկերներին համախմբվել, համագործակցել եւ կապեր ստեղծել։

Այս տարի առաջին անգամ Հայաստանի ստարտափները նույնպես հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց նորարարական լուծումները Բեռլինում GITEX Europe-ի շրջանակում:

GITEX-ի Հայաստանի եւ Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Կոտիկյանը եւ «EU4Innovation East» ծրագրի Հայաստանի ազգային համակարգող Նժդեհ Հովհաննիսյանը Itel.am-ի հետ զրույցում պատմել են GITEX-ի մասնակցության ու նոր հնարավորությունների մասին։ 

Տարածաշրջանային համագործակցության սկիզբը


Նարինե Կոտիկյան, GITEX-ի Հայաստանի եւ Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչ

GITEX-ն աշխարհում ամենամեծ նորարարական էքսպոն է, որին ամեն տարի մասնակցում է 200 հազարից ավելի մարդ: Այնտեղ ներկայացված են տեխնոլոգիական եւ հարակից ոլորտների մեծ ու փոքր ընկերություններ, բոլոր առաջատարները։ Նախորդ տարի GITEX-ի ղեկավարության հետ հանդիպումներից հետո առաջարկություն ստացա միասին աշխատել՝ փորձելու մոբիլիզացնել տարածաշրջանը, քանի որ, ցավոք, մինչ այժմ այն գրեթե անտեսված է եղել մեր էկոհամակարգի կողմից` չնայած այն մեծագույն հետաքրքրությանն ու պոտենցիալին, որ առկա է մեզ համար արաբական այս երկրներում եւ GITEX-ի մյուս հաբերում:

Նարինե Կոտիկյանը Նարինե Կոտիկյանը
photo © GITEX


Քննարկումների արդյունքում որոշեցինք միավորել Հայաստանի ու Վրաստանի շուկաները, նորարարական ընկերություններին ու հարակից ընկերություններին, օգտագործելով այս միջազգային հարթակը, պոտենցիալ ներդրողների եւ գործընկերների առաջ լավագույնս ներկայանալու համար։ 

Նախապատրաստական աշխատանքները Հայաստանում

Նարինե Կոտիկյան

Մեր առաջնային նպատակն էր տեսնել, թե Հայաստանի ու Վրաստանի ընկերություններին, նաեւ էկոհամակարգի այլ խաղացողներին որքանով հետաքրքիր ու օգտակար կարող է լինել GITEX Եվրոպայի էքսպոյի մասնակցությունը: 

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հանդիպումը GITEX-ի ներկայացուցիչների հետ ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հանդիպումը GITEX-ի ներկայացուցիչների հետ
photo © ՀՀ ԲՏԱՆ


Դուբայի համաշխարհային առեւտրի կենտրոնի ներկայացուցիչները այցելեցին Հայաստան՝ տեղում ծանոթանալու մեր էկոհամակարգի հիմնական խաղացողներին։ Կարեւոր հանդիպումներ եղան ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ, այցելեցին Թումո կենտրոն, Ինժեներական քաղաք, FAST հիմնադրամ եւ այլն։ Արդյունքում ավելի հստակ պատկերացում կազմեցինք, թե ինչ ձեւաչափով ներկայացվածությունը արդյունավետ կլինի այս տարածաշրջանում։ 

Ֆինանսավորումն ու մասնակցության մոդելը

Նարինե Կոտիկյան

Առանձին ստարտափների հետ քննարկեցինք մասնակցությունը։ Հետաքրքրվածությունը հենց սկզբից չափազանց մեծ էր, ընդ որում ոչ միայն ստարտափների, այլեւ՝ կայացած ընկերությունների կողմից: Այդուհանդերձ հատկապես ստարափների դեպքում մշտապես առկա է ֆինանսավորման խնդիրը`մի մասն օբյեկտիվորեն դժվարանում է սեփական ռեսուրսների սահմանափակության պատճառով, որոշներն էլ, ցավոք, արդեն սովորել են՝ որեւէ դոնոր կազմակերպություն կամ պետությունը պետք է ապահովի իրենց մասնակցությունն այս կամ այն հարթակում. ինչը զգալիորեն նվազեցնում է այն լրջությունը, որով այս թիմերը «կպնում են գործին», հետեւաբար նաեւ վերջինիս արդյունավետությունը:

photo © GITEX


Ամեն դեպքում ակնհայտ էր, որ կա ֆինանսական աջակցության կարիք: Եվ այս հարցում կարեւորագույն դեր խաղաց EU4Innovation East ծրագիրը:

Expertise France-ի կարեւոր դերը եւ աջակցությունը հայկական ստարտափներին

Նժդեհ Հովհաննիսյան, «EU4Innovation East» ծրագրի Հայաստանի ազգային համակարգող

Մեր ծրագրի նպատակներից մեկն է հայկական ստարտափները կապել եվրոպական էկոհամակարգերի հետ, քանի որ մինչ այժմ հայկական տեխնոլոգիական համայնքը հիմնականում կապված է եղել ԱՄՆ-ի հետ, իսկ Եվրոպայում այդ կապերը ձեւավորված չեն։ Որոշեցինք աջակցել այն ստարտափներին, որոնք արդեն անցել են գաղափարի փուլը եւ ունեն գործող MVP կամ պատրաստ պրոդուկտ։ 

Նժդեհ Հովհաննիսյանը Նժդեհ Հովհաննիսյանը
photo © GITEX


Ավելին, կարեւոր չափանիշներից մեկն էր, որ նախապատվությունը տրվի այն թիմերին, որոնք նախկինում չեն օգտվել նմանատիպ պետական կամ ոչ պետական աջակցության ծրագրերից. նպատակն էր առավել ընդլայնել ու ներառական դարձնել այս հնարավորությունը ոլորտի այլ ընկերությունների համար:

Նախապես հայտարարեցինք բաց մրցույթ, արդյունքում ընտրվեց հինգ ստարտափ՝ Wearify, Thermaiscan, CaseLens, Matian եւ nomiq ընկերությունները, որոնք ստացան տաղավար, լիարժեք մուտք միջոցառման բոլոր հատվածներին, այդ թվում՝ Supernova Challenge մրցույթին, որի կիսաեզրափակչին հասավ Wearify-ը։ 

photo © GITEX


Հայկական պատվիրակությունը մասնակցել է նաեւ B2B եւ B2G հանդիպումների։ Այստեղ կազմակերպվում են ներդրողների հետ հանդիպումներ. մինչեւ միջոցառումը դու արդեն ունես պատրաստ շփումների ցանկ։ Դա շատ էր տարբերվում այլ էքսպոներից։ Շատերն արդեն կապեր են հաստատել EIC-ի, ինչպես նաեւ գերմանական մի շարք կազմակերպությունների հետ։

Հայաստանից բավական լուրջ պատվիրակություն ունեցանք, այդ թվում՝ հրեշտակ ներդրողներ BANA եւ STAN ցանցերից, FAST հիմնադրամից եւ այլն: Ընդհանուր առմամբ Հայաստանը ներկայացնում էր 9 ստարտափ։ 

photo © GITEX


Միջոցառմանը հնարավորություն ունեցանք մասնակցել ոչ միայն տաղավարներով, այլեւ՝ բովանդակային, եղան պանելային քննարկումներ եւ փակ հանդիպումներ: Հատկանշական էր «Spotlight: Armenia» պանելը, որը հնարավորություն տվեց ներկաներին ավելի լավ հասկանալ ու ճանաչել հայաստանյան նորարական էկոհամակարգի նվաճումները:

Ունեցանք նաեւ հանդիպում Գերմանիայում ՀՀ դեսպանի հետ: Մեր մասնակցությունը բարձր տեսանելիություն ապահովեց հայկական էկոհամակարգի համար։

GITEX Global-ին մասնակցությունը եւ առաջիկա ծրագրերը

Նարինե Կոտիկյան

Արդեն սկսում ենք պատրաստվել GITEX Global-ին, որը կկայանա հոկտեմբերին Դուբայում։ Կա հաստատված մասնակցության պայմանավորվածություն, եւ Հայաստանը հանդես կգա ազգային տաղավարով։ Այս անգամ, հավանաբար, ներկայացված կլինեն ոչ միայն ստարտափներ, այլեւ՝ ավելի լայն նորարարական ծրագրեր։

photo © GITEX


Այժմ ակտիվանում են քննարկումները ամբողջ էկոհամակարգի հետ՝ պարզելու, թե ում համար է մասնակցությունը համապատասխան։ Քննարկում ենք նաեւ հաջորդ տարվա GITEX Europe-ին եւ Ղազախստանում առաջին անգամ պլանավորվող GITEX Central Asia and Caucasus միջոցառմանը ավելի լայն կազմով մասնակցություն ապահովելու հնարավորությունը: Բացի ստարտափներից, դիտարկում ենք նաեւ հարակից ոլորտների ներկայացվածությունը։

Նունե Գրիգորյան