Վանաձորում անցկացվող Tech Week Vanadzor 2025-ի շրջանակում մեկնարկել է տարվա ամենադաժան՝ ԴեւHacks հաքաթոնը, որը կտեւի 48 ժամ։ 

Այն ունի շուրջ 200 մասնակից։ Մրցույթի նպատակն է լավագույն թիմերի հավաքագրումը ամենահետաքրքիր տեխնոլոգիական նախագծերի շուրջ:

«Շատ տպավորիչ է տեսնել այսքան շատ երիտասարդներ՝ վառվող աչքերով, պատրաստ պայքարի։ Այն, որ գոտեպնդվել եք 48 ժամ պայքարել, շատ ոգեւորիչ է։ Օգտագործեք այս շփվելու, փորձի փոխանակման, գիտելիք ձեռք բերելու կարեւոր հնարավորությունը»,- նշել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը։

«Ուրախ եմ, որ 200-ից ավելի մասնակից եկել է մասնակցելու ԴեւHacks հաքաթոնին։ Հեշտ չի լինելու, քիչ եք քնելու, զայրանալու եք, ինչ-որ բան ձեզ մոտ չի ստացվելու, վիճելու եք։ Ցանկանում եմ, որ հաղթի ուժեղագույնը, բայց մյուսների համար էլ կարեւոր փորձառություն է լինելու»,- ասել է միջոցառման կազմակերպիչ Layerswap ընկերության համահիմնադիր տնօրեն Արամ Քոչարյանը։

Հուլիսի 6-ին մասնակից թիմերը կցուցադրեն իրենց ստեղծած նախագծերը, իսկ ժյուրին կորոշի մրցանակային տեղերզբաղեցրած նախագծերը։ Հաքաթոնին մասնակցում են web3/crypto, տիեզերքին առնչվող, ֆինտեխ եւ այլ ոլորտների նախագծեր։

Մրցանակային ֆոնդը 15 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է։ Առաջին տեղ զբաղեցրած մասնակից թիմը կստանա 10.000 դոլարին համարժեք ՀՀ դրամ, երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած թիմերը՝ 3500 եւ 1500 համապատասխանաբար։ 

Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորը հյուրընկալում է հայկական տեխնոլոգիական համայնքի կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը։ 
Այս տարի Վանաձորում Tech Week-ը միավորելու է ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառու եւ սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին եւ առհասարակ բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են տեխնոլոգիական ոլորտով։ 

Tech Week-ի հիմնական վայրը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատն է, որտեղ կանցկացվեն կոնֆերանսներ եւ պանելային քննարկումներ՝ տեղական եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ։

Երեք օրվա ընթացքում կոնֆերանսի շրջանակում հանդես կգա ավելի քան 60 խոսնակ՝ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, տեխնոլոգիական ձեռներեցներ, ներդրողներ եւ ոլորտի այլ առաջատար դերակատարներ։

Tech Week Vanadzor-ը նախաձեռնել են TCF-ը, Zealous-ը եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։