10:51 | 15.07.25 | Նորություններ | 1190
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը՝ ամրագրելով համագործակցության ուղղությունները, որոնք միտված են Սփյուռքի տեխնոլոգիական ներուժը հայկական տեխնոլոգիական էկոհամակարգում լիարժեք ներառելուն եւ «DigiTec 2025» ցուցահանդեսին համահայկական բնույթ հաղորդելուն։
Կողմերը վստահություն են հայտնել, որ մեկտեղված ջանքերը նոր հնարավորություններ կստեղծեն եւ՛ Հայաստանի, եւ՛ Սփյուռքի տեխնոլոգիական դերակատարների համար ու պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ընդլայնել համագործակցությունը։
ԱՏՁՄ-ն Հայաստանի տեխնոլոգիական ասոցիացիան է։ 25 տարի շարունակ այն միավորում է երկրի առաջատար տեխնոլոգիական ընկերությունները՝ հանդիսանալով հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի խոշորագույն միավորումը։
Ի թիվս տասնյակ նախագծերի ԱՏՁՄ-ն իրականացնում է ճարտարագիտական կրթության «Արմաթ» հայկական ազգային ծրագիրը եւ տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումը՝ «DigiTec» ցուցահանդես-համաժողովը, որն ամեն տարի ունենում է շուրջ 30 հազար այցելու եւ մասնակից։