Հայկական SuperAnnotate-ը ներգրավել է 13 միլիոն դոլար B սերիայի լրացուցիչ ներդրում՝ Dell Technologies Capital-ի գլխավորությամբ, որը միացել է NVIDIA-ին, Cox Enterprises-ին, Databricks-ին եւ այլ B սերիայի ներդրողների։

Այսպիսով, ընկերության B սերիայի ընդհանուր ներդրումների չափը հասել է 50 միլիոն դոլարի։

SuperAnnotate-ն արագ աճող ստարտափ է, որն արդեն մրցակցում է տվյալների պիտակավորման հայտնի հարթակներ Scale AI-ի (վերջերս գնեց Meta-ն) եւ Surge AI-ի հետ։ SuperAnnotate-ի գործիքներն օգնում են AI մշակողներին ստեղծել, համակարգել եւ կառավարել մեծ ուսուցման տվյալների հավաքածուներ։ 

SuperAnnotate-ի համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Վահան Պետրոսյանն ընդգծում է, որ ընկերության արագ աճի հիմնական պատճառն այն է, որ այսօրվա աշխարհում բոլորին անհրաժեշտ է արհեստական բանականության գործիքներ, բայց դրա համար տվյալների հավաքագրումն ու մշակումը չափազանց բարդ ու ժամանակատար գործընթաց է։

«AI-ի տվյալները պահանջում են ճիշտ գործիքներ՝ ժամանակակից AI հավելվածների մշակման եւ կառավարման գործընթացը պարզեցնելու համար: Սա հենց այն է, ինչ մենք մշակում ենք SuperAnnotate-ում։ Մեր այսօրվա հաջողություններն ապացուցում են ոլորտում մեր հեռանկարը, ոգեւորված ենք այս նոր աճի փուլում Dell Technologies Capital-ի հետ համագործակցությամբ»,- նշել է Վահան Պետրոսյանը։

Ըստ Dell Technologies Capital-ի ներդրումային գործընկեր Էլանա Լիանի, SuperAnnotate-ի հարթակը դարձել է անփոխարինելի՝ կորպորատիվ AI նախագծերի ընդլայնման համար։

«Մարդու կողմից պիտակավորված եւ մշակված ուսուցման տվյալները առանցքային դեր ունեն բարդ AI մոդելների մշակման գործում: SuperAnnotate-ն իր հաճախորդներին տալիս է ուղիղ հասանելիություն՝ բարձրորակ, մեծածավալ տվյալների, որոնք անհրաժեշտ են Մեծ լեզվական մոդելների (LLM) ուսուցման եւ AI հավելվածների մշակման համար», - նշել է Էլանա Լիանը։

Ընկերության տվյալներով՝ հաճախորդների ցանկը երեք անգամ աճել է մեկ տարվա ընթացքում, որոնց շարքում են Databricks-ը, Canva-ն եւ այլ ընկերություններ։