Փարիզում անցկացված ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանն ու Վահե Մելքոնյանը բրոնզե մեդալներ են նվաճել։
Հայաստանի թիմի եւս երկու ներկայացուցիչ՝ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հայրապետյանն ու ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Հարությունյանն արժանացել են գովասանագրերի:
Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 17-25-ը, փորձնական եւ տեսական փուլերով։
Հայաստանի թիմում ընդգրկված է եղել նաեւ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սմբատ Պողոսյանը:
Թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչներ Բիլոր Կուրղինյանն ու Մեխակ Հայրապետյանը, իսկ որպես դիտորդ մասնակցել է նաեւ ՀԱՊՀ ավագ դպրոցի եւ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ֆիզիկայի խմբակավար Հովսեփ Կարապետյանը։
Ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Իրանի Իսֆահան քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 3 բրոնզե մեդալի եւ 2 գովասանագրի։