Intel ընկերությունը մինչեւ 2025 թվականի ավարտը կկրճատի մոտ 24,000 աշխատակից, ինչը կազմում է հիմնական աշխատակիցների ընդհանուր թվի գրեթե քառորդը, գրում է The Verge-ը:

Ընկերության 2025 թ․ երկրորդ եռամսյակի հաշվետվության համաձայն՝ տարվա վերջին Intel-ում կմնա մոտ 75,000 հիմնական աշխատակից։ Համեմատության համար՝ 2024 թվականի ավարտին ընկերությունը ուներ 109 հազար 800 աշխատակից, որոնցից 99 հազար 5 հարյուրը դասակարգվել է որպես հիմնական աշխատակից։

Այսպիսով, The Verge-ի հաշվարկներով, մոտ 24,000 աշխատակից կկրճատվի մինչեւ տարեվերջ։ Ըստ հրապարակման՝ արդեն 2025 թվականի առաջին կիսամյակում ընկերությունն աշխատանքից ազատել է հազարավոր աշխատակիցների, սակայն ճշգրիտ թիվը անհայտ է, քանի որ Intel-ը պաշտոնապես չի հայտարարել այդ մասին։

Բացի այդ, ընկերությունը հրաժարվում է մի շարք նախագծերից Գերմանիայում, Լեհաստանում եւ Կոստա Ռիկայում։ Այս քայլերը նոր գլխավոր տնօրեն Լիպ-Բու Թանի ձեռնարկած վերակազմավորման աշխատանքների շարունակությունն են։ Թանը փորձում է պարզեցնել ընկերության կառուցվածքը՝ մի քանի տարիների վնասներից եւ արհեստական բանականության «բումին» անբավարար արձագանքից հետո։

Հիշեցնենք, որ դեռ 2025 թվականի ապրիլին Bloomberg-ը հաղորդում էր Intel-ի՝ մոտ 20% աշխատակազմ կրճատելու պլանների մասին (մոտ 21,000 աշխատակից)։ Այդ կրճատումների մասին նույնպես պաշտոնական հայտարարություն չի արվել։

Ընկերության ֆինանսական արդյունքները եւս բացասական են․ 2025 թ․ երկրորդ եռամսյակում Intel-ի զուտ կորուստը կազմել է 2,9 միլիարդ դոլար, իսկ եկամուտը՝ 12,9 միլիարդ դոլար։