2016թ. ամբողջ ընթացքում Itel.am-ը ներկայացրեց հարցազրույցներ ՏՏ ոլորտի հայտնի դեմքերի հետ:
Ստարտափներին ուղղված խորհուրդներից մինչեւ տեխնոլոգիական ապագայի կանխատեսումներ՝ Itel.am-ի արխիվից ներկայացնում ենք անցնող տարվա կարեւորագույն մտքերն ու խորհուրդները:
Րաֆֆի Գրիգորյան, Twitter-ի նախկին փոխնախագահ, ներկայում Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով տնօրեն
Րաֆֆի Գրիգորյանը
«Կարծում եմ՝ Հայաստանը՝ իր կրթական համակարգով, կարող է մաս կազմել արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման (Machine Learning) այդ շուկային 5 տարվա ընթացքում: Արդեն շատ բաներ կան, որոնք պետք է սկսել անել եւ պետք է սկսել մեքենայական ուսուցումից ու արհեստական բանականության հիմունքներից: Աշխարհը գնում է դրան: Դա նաեւ այն է, ինչ ես եմ այսօր անում Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնում (խմբ. ինքնավար կառավարմամբ ավտոմեքենաներ (self-driving cars)): Պատկերացրեք, որ այդ մեքենաները դառնան այնքան հզոր, որքան համակարգիչները, եւ պատկերացրեք, որ Հայաստանը կարողանա մասը կազմել այդ գործընթացներին»:
Փոլ Ասոյան, Google-ի Strategic Partnerships թիմ
Փոլ Ասոյանը
«Ստարտափներին խորհուրդ կտամ պրոդուկտ մշակելիս կենտրոնանալ 3 ուղղությունների վրա` big data, մեքենայական ուսուցում եւ արհեստական բանականություն: Ես համոզված եմ, որ արհեստական բանականությունը եւ մեքենայական ուսուցումը մեր բացարձակ ապագան են: Սակայն, եթե, այնուամենայնիվ ընկերություններն այս ճյուղերով հետաքրքրված չեն, պետք է գոնե այդ ուղղությունների դետալները ներառեն սեփական պրոդուկտների մշակման գործընթացում: Կարծում եմ` Հայաստանն ունի տաղանդի հսկայական պաշար, երբ խոսքը վերաբերում է հատկապես հիմնարար գիտություններին: Խորհուրդ չէի տա կենտրոնանալ մոբայլ հավելվածների պատրաստման, QA-ի, front-end ծրագրավորման, աութսորսինգի վրա: Պետք է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչից Հայաստանն ավանդաբար է ուժեղ եղել՝ հիմնարար գիտություններ եւ վիճակագրություն»:
Ռոն Վայսմեն, Սիլիկոնյան հովտի ամենահին սաղմնային ներդրումներ (seed investments) իրականացնող Band of Angels կազմակերպության նախագահ «Հայաստանում ֆենոմենալ է մարդկային կապիտալի առկայությունը: Ես իմ կարիերայի ընթացքում այցելել եմ հարյուրավոր կրթական հաստատություններ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Բայց աշխարհում շատ քիչ են, օրինակ, «Թումո»-ի պես վայրերը: Ձեր ուսանողները շատ լավ են մաթեմատիկայից, շախմատից, տեխնոլոգիապես բավական խելացի են: Սակայն Հայաստանն ունի կառուցվածքային խնդիր, որը միայն Հայաստանին չէ, որ հատուկ է: Նույնը նկատել եմ մյուս փոքր, սակայն խելացի երկրներում, օրինակ՝ Չիլիում: Խնդիրն այն է, որ Հայաստանի շուկան շատ փոքր է: Կուզենայի, որ տարածաշրջանային շուկան ավելի մեծ լիներ: Կարելի է ինչ-որ քայլեր նախաձեռնել, օրինակ՝ Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի հետ եւ ստեղծել Հայաստանի չափսերից 4-5 անգամ ավելի մեծ շուկա՝ կապիտալ ներգրավելու եւ առեւտուրն ավելի հեշտացնելու համար»:
Ռոն Վայսմենը
«Սիլիկոնյան հովիտն ունի շատ բաց մշակույթ: Հայ ձեռներեցներն այնտեղ իրենց բավական լավ են զգում եւ ունեն առավելություն՝ Սփյուռքը: Այսպես կոչված, բնական նեթվորք կա ձեւավորված: Կարո՞ղ է այդ նեթվորքն ավելի հզոր եւ խոստումնալից դառնալ՝ այո՛, կարող է: Կառաջարկեի, որ գործեր, օրինակ, ինֆորմացիոն ծառայություն, որի միջոցով Սփյուռքի հայերը կկարողանային տեղեկանալ տեխնոլոգիական այն հնարավորությունների մասին, որոնք առկա են Հայաստանում կամ հայերի կողմից: Ես շատ հայ ծանոթներ ունեմ եւ երբ նրանց պատմում եմ Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունների մասին, նրանք ցանկանում են ներգրավվել գործընթացում: Կարեւոր է Հայաստանի եւ Սիլիկոնյան հովտի, Նյու Յորքի եւ մյուս տեխնոլոգիական կենտրոնների միջեւ կամուրջների կառուցումը»:
Մայքլ Կոգելեր, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում Մայքրոսոֆթ կորպորացիայի գլխավոր մենեջեր
Մայքլ Կոգելերը եւ Itel.am-ի լրագրող Նարինե Դանեղյանը
«Եթե ունեք ֆանտաստիկ լուծում, սակայն այն լավ չեք ներկայացնում, որեւէ մեկը ձեզ չի հավատալու… Հայկական ստարտափները պետք է նաեւ առաջ շարժվել կոդ գրելու եւ բիզնեսի ուղղություններով… Խիզա՛խ եղեք եւ մի՛ամաչեք: Նկատել եմ, որ այստեղ երիտասարդներն ամաչկոտ են, միգուցե լեզվական խոչընդոտներն են պատճառը: Մի՛ եղեք գոռոզ, բայց ոչ էլ ամաչկոտ: Մյուս խորհուրդս ուղղված է լինելու պետությանը՝ պետք է կառուցել ՏՏ էկոհամակարգ, եթե ցանկանում եք միջազգային ոլորտում մրցունակ լինել: Կարելի է կապել ՏՏ-ն,այլ ոլորտների հետ, օրինակ, իրավաբանների մասնակցությամբ հաքաթոն կազմակերպել: Եթե դու հացթուխ ես, ապա հավանաբար լավ ես անում քո գործը: Դու ՏՏ-ի մասին ոչինչ չգիտես, սակայն ՏՏ-ն կարող է օգնել քեզ ավելի հեշտ ձեւով եւ որակյալ հաց թխել: Երրորդ խորհուրդս է՝ մի՛ վախեցեք ձախողումից: Իմ թիմերին հաճախ եմ ասում՝ եթե ինչ որ բան եք սովորում սխալից, ապա հետագայում շատ ավելի մեծ հաջողությունների եք հասնելու»:
Ադորա Չունգ, Y Combinator-ի գործընկեր
Ադորա Չունգը
«Y Combinator-ին դիմելուց պետք չէ վախենալ: Հայտը լրացնելու գործընթացն ինքնին շատ լավ տարբերակ է՝ ավելի խոր մտածելու սեփական բիզնեսի առանձնահատկությունների մասին: Եթե չփորձեն, երբեք չեն հասնի արդյունքի: Մեր ստարտափների առնվազն 50 տոկոսը գոնե մեկ անգամ մերժվել է նախկինում: Այստեղ համառություն եւ անընդհատ փորձել է պետք: Սա Սիլիկոնյան հովիտ գալու լավ հնարավորություն է, եւ կարծում եմ՝ շատ հայկական ստարտափներ կցանկանան գործել Սիլիկոնյան հովտում»:
Քրիստիան Շելենբերգեր, ստարտափների աջակցությամբ զբաղվող գերմանական BerlinerStrategen ընկերության գործադիր տնօրեն
Քրիստիան Շելենբերգերը
«Ձեռներեցությունը միայն կարճաժամկետ մտածողություն չէ, հարկավոր է Հայաստանում ունենալ ընկերություններ, որոնք կմտածեն ոչ թե առաջիկա երկու տարվա, այլ 10-20 տարվա կտրվածքով, որպեսզի ապագայում էլ աշխատատեղեր ունենաս, չէ՞ որ խնդիրն ամեն ինչ հենց տվյալ պահին վաճառելու մեջ չէ…»:
«Եթե ես ինքս այստեղ ստարտափ հիմնեի, ապա կկենտրոնանայի Հայաստանի հիմնական արժեքների վրա, արժեքներ, որոնց մասին աշխարհը միգուցե այդքան էլ տեղյակ չէ: Կփորձեի այդ արժեքները մասշտաբայնացնել եւ ուղղել դեպի արտաքին աշխարհ: Սա ավելի լավ է, քան ԱՄՆ-ից, Եվրոպայից կամ էլ Ասիայից մոդելներ վերցնելն ու ադապտացնելը»:
Սեմ Ադամս, Ատլանտա քաղաքի Invest Atlanta տնտեսական զարգացման գործակալության՝ նորարարությունների եւ ձեռներեցության հարցերով մենեջեր «Ես ստարտափների ճանապարհորդելու եւ ուրիշներից նոր բաներ սովորելու մեծ կողմնակիցն եմ: Սակայն եթե ես Հայաստանում ստարտափ հիմնեի եւ տեղափոխվելու հարց առաջանար, իմ ընտրությունն ավտոմատ կերպով ԱՄՆ-ն չէր դառնա՝ միայն այն պատճառով, որ այնտեղ Սիլիկոնյան հովիտ կա: Ես կգնայի այնտեղ, որտեղ իմ պրոդուկտին մոտ ստարտափներ կան, քանի որ շատ ավելի հեշտ է, երբ մարդիկ գլուխ են հանում քո բիզնեսից…
Սեմ Ադամսը
«Դիտարկե՛ք ստարտափ էկոհամակարգը որպես համայնք: Դա կարող է ներառել շաբաթվա մեջ միմյանց հետ խմելուց մինչեւ նմանատիպ ֆորումներին մասնակցությունը: Նման համայնք եւ աջակցություն ստեղծելը իսկապես մեծ ազդեցություն կարող է գործել: Ուզում եմ ասել, որ ընկերություն ստեղծելը բավական բարդ է, եւ լինել այն մարդկանց շրջապատում, որոնք անում են այն, ինչ դուք եք անում, օգնում է: Դա նաեւ ենթադրում է ուրախանալ միմյանց հաջողություններով:
Երկրորդ խորհուրդն է փնտրել մենթորներ, մարդիկ, որոնք շատ լավ են հասկանում ձեր ոլորտից: Գտե՛ք մենթոր, չէ՞ որ ստարտափ համայնքում միշտ առկա է միմյանց օգնելու գործոնը…»:
Մարիա Պոդլեսնովա, ռուսական GenerationS աքսելերատորի Smart City ծրագրի իրականացնող Rusbase ընկերության գործադիր տնօրեն
Մարիա Պոդլեսնովան
«Հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք դա իսկապե՞ս այն է, ինչ ցանկանում եք անել ձեր կյանքում: Ստարտափ զարգացնելը կարող է շատ սթրեսային լինել, քանի որ ձեր հաջողությունը երկու կարեւոր բաղադրիչից է կազմված՝ լարված աշխատանք եւ բախտ: Եվ անհնար է մեկն առանց մյուսի: Մի՛ սպասեք ավելի լավ պահի, այն կարող է շատ ուշ գալ: Ավելին, միշտ էլ շատ ուշ է: Մի՛ վախեցեք աշխատել մեծ ընկերությունների հետ: Նրանք այնքան չունեն քո կարիքը, որքան դուք՝ նրանց»:
Նարինե Դանեղյան