Սեպտեմբերի 23-ին Երեւանում կայացավ Seedstars Yerevan 2017 մրցույթը, որի հաղթող Chessify ստարտափը հնարավորություն ստացավ Շվեյցարիայում կայանալիք Seedstars միջազգային մրցույթում ներկայացնել Հայաստանը:
Itel.am-ը մրցույթից ստացած տպավորությունների մասին զրուցել է Seedstars-ի՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի համակարգող Դարիա Գոլիկովայի հետ:
- Chessify-ը Seedstars Yerevan 2017-ի հաղթողն է: Ի՞նչ հատկանիշներով առաջնորդվեց ժյուրին հաղթողին որոշելիս:
- Seedstars-ում հաղթողին որոշելիս սովորաբար նույն չափանիշներն են գործում: Մենք փորձում ենք գտնել ստարտափների, որոնք շուկայում որոշակի խնդիրներ են լուծում, ընդգրկուն են եւ ունեն հաճախորդները:
Հայաստանում կան մեծ թվով տաղանդավոր մասնագետներ, որոնք արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման հետազոտություններով են զբաղված: Շախմատը եւս շատ հայկական երեւույթ է: Chessify-ը ստեղծել էր պրոդուկտ, որը հիմնված է մեքենայական ուսուցման բարդ շարժիչի վրա: Երբ մտածում էինք, թե որ թիմը ամենալավը կկարողանա ներկայացնել Հայաստանը Շվեյցարիայում կայանալիք գլոբալ մրցույթում, մեծամասնությունը քվեարկեց հենց Chessify-ի օգտին՝ հաշվի առնելով նրա մշակած բարդ տեխնոլոգիական լուծումը:
Նարինե Դանեղյանն ու Դարիա Գոլիկովան
photo © Մեդիամաքս
Նշեմ, որ երկրորդ տեղում գտնվող
Inapptics-ը եւս հիանալի ստարտափ է՝ արհեստական բանականության էլեմենտներով:
Այսօր եվրոպական մի շարք երկրներ շախմատի առաջատարներ են, եւ Chessify-ն ունի լավ հնարավորություն Շվեյցարիայում կապեր հաստատել, գտնել նոր հաճախորդներ եւ ներդրողներ:
- Կարո՞ղ ենք ասել, որ վերջին տարիներին արհեստական բանականությունը Seedstars միջազգային մրցույթի գլխավոր միտումն է: - Մի քանի տարի առաջ մրցույթը փոխեց իր ուղղվածությունը՝ սկսելով ավելի շատ կենտրոնանալ ֆինտեխի, կրթական, առողջապահական եւ գյուղատնտեսական տեխնոլոգիաների վրա: Արհեստական բանականության լուծումները կիրառելի են թվարկածս ուղղություններից յուրաքանչյուրում:
Այսօր արհեստական բանականություն տերմինը շատ թրենդային է, եւ դրա վատ կողմն այն է, որ բոլորն այդ տերմինն օգտագործում են ցանկացած երեւույթ նկարագրելու համար: Առանց տեխնոլոգիական կրթության՝ անհնար է հասկանալ, թե արհեստական բանականության ինչ մակարդակ է ներկայացված տվյալ պրոդուկտում:
Այդ իսկ պատճառով մենք տեղական մրցույթների ժամանակ մասնակից երկրներում պարտադիր հավաքում ենք տեղացիներից կազմված ժյուրիի, որն ավելի խորն է տեղեկացված թիմերի ներկայացրած լուծումների մասին: Հայաստանյան ժյուրին այս տարի համակարծիք էր, որ Chessify-ն ունի բավական բարդ արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման լուծումներով շարժիչ, որն ունակ է հեղափոխել տեխնոլոգիական համայնքը:
- Ձեր խորհուրդները Chessify-ին՝ ինչպես լավագույնս ներկայացնել Հայաստանը միջազգային մրցույթում: - Chessify-ը դեկտեմբերին կմասնակցի տարածաշրջանային մրցույթին, որը կարծես մեծ փորձ լինի՝ գլոբալ մրցույթից առաջ: Այդտեղ ստարտափները փիչինգ կանեն մեծ՝ շուրջ 600-հոգանոց լսարանի համար:
Առաջին խորհուրդս կլինի ստեղծել եւ պատմել մարդկային պատմություն: Եթե ցանկանում եք վաճառել պրոդուկտը, դրա վրա հիմնված պատմություն հորինեք: Սա հայաստանյան բոլոր ստարտափներին է վերաբերում, որոնք ունեն հիանալի տեխնիկական պրոդուկտ: Խորհուրդ կտամ ստեղծել նման պատմություն ու կենտրոնանալ այդ պատմության մարդային կողմի վրա
Երկրորդ խորհուրդը վերաբերում է տարածաշրջանային եւ գլոբալ մրցույթներին: Նախապես տնային աշխատա՛նք արեք՝ հետազոտե՛ք եւ տեսե՛ք, թե ինչ ստարտափներ, ներդրողներ, մենթորներ են դրան մասնակցելու: Հասկացե՛ք, թե ինչ օգուտ կարող եք ունենալ այդ մարդկանց հետ շփումից: Երրորդ խորհուրդն էլ շփումն է, նեթվորքինգը՝ ինչքան հնարավոր է շատ շփվեք բոլորի հետ, մի կանգնեք անկյունում:
Տարեցտարի նկատելի է Seedstars-ի ստարտափներում որոշակի բարելավում: Սակայն դեռ շատ անելիք կա կապված փիչինգի եւ վաճառքների հետ:
Հայաստանյան ստարտափները տարեցտարի որակապես բարելավվում են: Ինձ շատ դուր եկավ այն փաստը, որ Հայաստանի պես փոքր շուկայում, որտեղ բոլորն իրար ճանաչում են, մեր մրցույթին մասնակցում էին ստարտափներ, որոնք առաջին անգամ էին իրենց մասին բարձրաձայնում: Կարծում եմ՝ Հայաստանն ունի բոլոր շանսերը՝ դառնալու արհեստական բանականության լուծումների տարածաշրջանային կենտրոն:
Դարիա Գոլիկովայի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը