14:08 | 18.04.25 | Նորություններ | 1031
BBC World Service-ի «Business Daily» հաղորդաշարի վերջին թողարկմանը լրագրող Ռեյհան Դեմիտրիեն ներկայացնում է, թե ինչպես է Հայաստանը ձգտում դառնալ տարածաշրջանային նորարարության կենտրոն՝ ստարտափների, սփյուռքի կապերի եւ թվային սերնդի ուժով։
Հեղինակը նշում է, որ Հարավային Կովկասում գտնվող Հայաստանը, թեեւ փոքր տարածք ունենալով, բայց տեխնոլոգիական ոլորտում մեծ քայլեր է անում։
Նշվում է, որ վերջին տարիներին Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը արագ զարգացում է ապրել։ Հարյուրավոր ստարտափներ՝ շատերը ամերիկյան կապերով հիմնադիրներով, իրենց ապագան կառուցում են Երեւանում՝ Սիլիկոնային հովիտի փոխարեն։ Սա պատահական չէ․ հայկական սփյուռքը երկար ժամանակ ծառայել է որպես կապ միջազգային եւ տեղական տաղանդների միջեւ՝ ստեղծելով յուրահատուկ հիբրիդային էկոհամակարգ։
Հաղորդման ընթացքում ներկայացվող պետական պաշտոնյաներն ասում են, որ տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսությունը զարգացնելու գլխավոր միջոցներից են։ Եվ այդ ամենը սկսվում է կրթությունից. ծրագրավորման դասընթացներից մինչեւ դպրոցական ռոբոտիկայի լաբորատորիաներ՝ տեխնոլոգիական գրագիտությունը վաղ տարիքից է խրախուսվում։ Նպատակն է ոչ միայն սովորեցնել օգտագործել տեխնոլոգիաները, այլեւ՝ ստեղծել դրանք։
Անդրադարձ է կատարվում նաեւ, Ուկրաինայի պատերազմի մեկնարկից հետո դեպի Հայաստան մասնագետների ներհոսքին, որը հանգեցրել է տեխնոլոգիական աճի։ Նշվում է, որ հարյուրավոր ռուս ծրագրավորողներ տեղափոխվեցին Հայաստան՝ բերելով իրենց փորձը եւ էներգիան։ Սա միայն մեծացրեց տեղական կարողությունները եւ ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստ է համագործակցության՝ անգամ անկայուն ժամանակներում։
Չնայած մեծ ոգեւորությանը՝ մարտահրավերներ դեռ կան։ Տեղական շուկայից դուրս զարգանալը, միջազգային ներդրումների ներգրավումը եւ երկարաժամկետ կայունությունը մնում են առանցքային հարցեր։ Սակայն տեղական էներգիայի, գլոբալ կապերի եւ ռազմավարական տեսլականի համադրությունը կարող է Հայաստանին մրցակցային առավելություն տալ։
Ինչպես նշում է Դեմիտրիեն, «Կովկասի Սիլիկոնային հովիտ» դառնալու Հայաստանի ուղին դեռ ընթացքի մեջ է, որն արժանի է ուշադրության։
Հաղորդումը կարող եք լսել այստեղ։